Վաշինգտոնին դեռ չի հաջողվել առաջընթաց արձանագրել Փհենյանի հետ հարաբերություններում. Սալիվան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է աստիճանական մոտեցում ցուցաբերել Հյուսիսային Կորեայի նկատմամբ, որն անհրաժեշտ է Կորեական թերակղզու ապամիջուկայնացման համար: Այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ԿԺԴՀ-ի շուրջ իրավիճակը թողել էր ինքնահոսի՝ «ոչինչ ոչնչի դիմաց» սկզբունքով, իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Փհենյանի հետ «մեծ գործարքի» գաղափարի մասին՝ «ամեն ինչ ամեն ինչի դիմաց» սկզբունքով:
«Մեր դիվանագիտության էությունն ու նպատակը այս երկու բևեռների միջև գտնվելն է, պատրաստ լինելը ԿԺԴՀ-ի դիվանագիտությանը, որպեսզի քայլ առ քայլ առաջընթացի հասնենք՝ ուղղված վերջնական նպատակի իրագործմանը՝ Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը»,- նշել է Սալիվանը:
Նա ընդգծել է, որ Բայդենի վարչակազմին դեռևս չի հաջողվել դիվանագիտական առաջընթաց արձանագրել Փհենյանի հետ հարաբերություններում:
ԱՄՆ նախագահի օգնականի խոսքով՝ ԿԺԴՀ-ի կողմից արձագանքի բացակայության պայմաններում Վաշինգտոնը կպաշտպանի Փհենյանի նկատմամբ պատժամիջոցների պահպանումը, կշարունակի սերտորեն համակարգել գործողությունները Տոկիոյի և Սեուլի հետ: