ԱՄՆ ռազմաօդային ուժերի գերձայնային հրթիռի փորձարկումը ձախողվել է. ԶԼՄ
Ամերիկյան գերձայնային AGM-183A հրթիռի նոր փորձարկումը ARRW (Air-Launched Rapid Response Weapon) ծրագրով անհաջողությամբ է ավարտվել։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ The War Zone մասնագիտացված պորտալին հղում անելով։
Ներկայացված տվյալների համաձայն՝ փորձարկումներն իրականացվել են հինգշաբթի։ Փորձարկվող հրթիռը պետք է արձակվեր B-52 ռազմավարական ռմբակոծիչից, իսկ թե որտեղ, կոնկրետ չի նշվում։ Ակնկալվում էր, որ այն ձայնի արագությունից ավելի քան հինգ անգամ մեծ արագություն կբացի:
«Մեկնարկային գործողությունների հաջորդականությունն ընդհատվել է նախքան անհայտ խնդրի պատճառով [հրթիռի] անջատվելը», - ասել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ «հրթիռը կվերադարձվի արտադրողին, անհապաղ կսկսվի հեռաչափության եւ օդանավի տվյալների վերլուծություն»։ ԱՄՆ զինված ուժերը ակնկալում են «որքան հնարավոր է շուտ վերսկսել թռիչքային փորձարկումները»։
Ինչպես նշել է պորտալը, սա այս հրթիռի երրորդ անհաջող փորձարկումն է։ Փորձագետները դեռեւս չեն պարզել միջադեպի պատճառները։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը դեռ չեն պատասխանել ՏԱՍՍ-ի՝ մեկնաբանելու խնդրանքին։
Պենտագոնի պաշտոնյաները բազմիցս խոստովանել են, որ գերձայնային զենքի արտադրությամբ ԱՄՆ-ը զիջել է Ռուսաստանին եւ Չինաստանին։