Կենսական նշանակության 67 կմ ճանապարհ՝ ՀՀ 7 մարզում
Շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովը Գեղարքունիքի մարզում է՝ գնահատելու հերթական ավարտված աշխատանքը:
Այս նորոգված ճանապարհով Սևան քաղաքի Գոմաձոր և Ցամաքաբերդ թաղամասերը կապվում են միմյանց, քաղաքի կենտրոնի, միջպետական Մ-4 և հանրապետական Հ-29 ավտոճանապարհներին:
Մինչ հանձնաժողովը կգնահատի, բնակիչներն իրենց խոսքն են ասում:
Աշոտ Ասատրյան - Նախկինում 30 տարվա ընթացքում փոսալցում էլ տեղի չէր ունեցել, հիմա շատ լավ վիճակում է, սա հրաշք է մեզ համար:
Վերականգնված ճանապարհի երկարությունը մոտ 5.3 կմ: Շինաշխատանքների համար ծախսվել է 796 մլն դրամ:
Ռուբեն Ավագյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ԿՆՃ ծրագրի համակարգող ինժեներ) - Իրականացվել է մոտ 37000 քմ ասֆալտապատման աշխատանք ճանապարհի, 11 հազար քմ-ն մայթ է, մուտքերի ասֆալտապատումը՝ 7500 քմ, ջրահեռացման համակարգը՝ 7800 գծամետր:
Անվտանգության համար առաջին անգամ կիրառվող երկաթյա եզրաքարերը մեքենաների և բազրիքները՝ հետիոտնի համար են: Ճանապարհի՝ թե՛ դպրոց տանող, թե՛ մյուս հատվածները կահավորված ու գծանշված են:
Ճանապարհը հիմնանորոգվել է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում՝ Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ:
Նարեկ Զուլալյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ծրագրերի կառավարման և գնումների դեպարտամենտի պետ) - Այս փուլում իրականացվում է կենսական նշանակության ճանապարհների երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրերի շրջանակներում մոտավորապես 67 կմ ճանապարհահատվածների շինարարություն Հայաստանի 7 մարզերում:
Կենսական նշանակության ճանապարհների շինարարության ծրագիրը մեկնարկել է դեռևս 2009 թվականին և մինչ օրս իրականացվել է Հայաստանի բոլոր մարզերում մոտ 810 կմ երկարությամբ:
Նարեկ Զուլալյան - Ճանապարհների ընտրության հարցում Համաշխարհային բանկի մեր գործընկերների հետ մի քանի հիմնական ցուցիչ ենք կիրառում, որոնցից են՝ ճանապարհի ինտենսիվությունը, շահառուների թիվը, պատմամշակութային կոթողների քանակը, ճանապարհին գտնվող դպրոցների, հիվանդանոցների, մանկապարտեզների քանակը:
Վերջին հաշվետվության արդյունքներով՝ մեր երկրում կենսական նշանակության ճանապարհների մոտ 40 տոկոսը դեռևս վատթար վիճակում է, այսինքն՝ աշխատելու դեռ շատ տեղ կա: Իսկ այս ճանապարհի շինաշխատանքները...
Նարեկ Զուլալյան - Ե՛վ նախագիծը, և՛ շինաշխատանքներն իրականացվել են բարձր որակով, ինչը հաստատվեց ընդունող հանձնաժողովի բոլոր անդամների կողմից: