Չիլիում Պինոչետի այրու մահվան լուրը զգացմունքների փոթորիկ է առաջացրել
Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում տոնական տրամադրություն է. երգ, պար, շամպայն: Ուրախության պատճառը բռնապետ Ավգուստո Պինոչետի այրու մահվան լուրն է։ Լյուսիա Իրիարտը մահացել է 99 տարեկանում։ Վերջին տարիներին նա թոքերի հետ կապված խնդիրներ ուներ՝ գրում է Euronews-ը։
Լյուսիա Իրիարտը հայտնի էր ուժեղ և տիրակալ բնավորությամբ։ Ենթադրվում է, որ նա մեծ ազդեցություն է ունեցել սոցիալիստ նախագահ Սալվադոր Ալյենդեի դեմ պետական հեղաշրջում իրականացնելու՝ Պինոչետի որոշման վրա:
Բռնապետ Պինոչետը Չիլին ղեկավարել է 1973-1990 թվականներին և այդ տարիներին ավելի քան երեք հազար քաղաքացի է սպանվել կամ անհետ կորել, քառասուն հազարից ավելի մարդ էլ ենթարկվել է խոշտանգումների։