«Չնայած որոշակի հակասությունների առկայությանը՝ Թուրքիան ՌԴ-ի շատ կարևոր հարևանն է». Պեսկով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բարեկամական հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչը թույլ է տալիս նույնիսկ ամենաբարդ տարաձայնությունների ժամանակ երկխոսել և հասնել խաղաղ կարգավորման, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Նախագահ Էրդողանը, դուք գիտեք, բավականին ջերմ հարաբերություններ, կարելի է ասել՝ բարեկամական հարաբերություններ ունի նախագահ Պուտինի հետ: Դրանք, չնայած տարաձայնությունների առկայությանը, թույլ են տալիս նույնիսկ ամենասուր պահերին հավաքվել և լուծել ամենադժվար խնդիրները»,- ասել է Պեսկովը RTVI հեռուստաալիքի եթերում։
Նա ընդգծել է, որ չնայած որոշակի հակասությունների առկայությանը, Թուրքիան «ՌԴ-ի շատ կարևոր հարևանն է», շատ կարևոր խոշոր նախագծերի գործընկերն է, ինչպես նաև տարածաշրջանային բազմաթիվ հակամարտությունների կարգավորման գործընթացում վիզավի։
«Մենք փոխգործակցում ենք Սիրիայի հարցով, սա բարդ փոխգործակցություն է, երբեմն շատ դժվար: Բայց, այնուամենայնիվ, ամեն անգամ մեզ հաջողվում է գտնել փոխադարձ ընդունելի լուծում»,- ասել է Պեսկովը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև տնտեսական փոխգործակցության, տնտեսական համագործակցության մակարդակը շատ լավ ապահովագրություն է քաղաքական ցնցումներից։
«Որովհետև, երբ մարդիկ շահագրգռված են երկկողմ հարաբերություններում որևէ բան չթուլացնելով, սա այնքան ամրացնող օղակ է»,- ասել է Պեսկովը։