Ստամբուլի բորսան դադարեցրել է աշխատանքը լիրայի փլուզման ֆոնին
Թուրքական լիրայի արժեզրկման ֆոնին Ստամբուլի բորսան հայտարարել է իր աշխատանքը դադարեցնելու մասին: Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը:
Դեկտեմբերի 17-ին թուրքական ազգային արժույթն արժեզրկման հերթական ռեկորդն է սահմանել: Այս պահի դրությամբ ԱՄՆ 1 դոլարի համար տալիս են 16,1 թուրքական լիրա:
Վերջին մեկ ամսում Թուրքիայում դոլարը 50,5 % աճ է գրանցել, իսկ 2021 թ. ընթացքում՝ 114 %: Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեն իր որոշմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 15 %-ից իջեցրել էր 14 %-ի։ Թուրքիայի վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ նոյեմբերին տարեկան գնաճը կազմել է 21,31 %:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից վարվող տնտեսական նոր մոդելի քաղաքականության պատճառով արդեն մեկ տարի է թուրքական լիրան աստիճանաբար արժեզրկվում է։ Սեպտեմբերին Թուրքիայի կենտրոնական բանկը Էրդողանի կարգադրությամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքները իջեցրել էր մինչև 15 %-ի, ինչն ավելի մեծ բացասական ազդեցություն էր ունեցել: Էրդողանի նմանօրինակ քաղաքականությունը նպատակ ունի խթանելու թուրքական ապրանքների մրցունակությունը, արտահանման ծավալների ավելացումը և նոր ներդրողների ներգրավումը: