Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը և Բայդենը ընկերներ չեն, բայց փոխադարձ հարգանքով են շփվում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ընկերներ չեն, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռուսական RTVI հեռուստաալիքի եթերում ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ Պուտինը և Բայդենը շփվելու շատ առիթներ չեն ունեցել, բայց ամեն դեպքում շփվել են փոխադարձ հարգանքով:
«Չէի ասի, թե նրանց շփումը ընկերական է: Փոխհարգալից, կառուցողական և շատ գործնական շփում է: Նրանք ընկերներ չեն, ի վերջո նրանք այդքան շատ չեն շփվել», - ասել է Պեսկովը:
Վերջին անգամ Ռուսաստանի նախագահ Պուտինը և Միացյալ Նահանգների նախագահ Բայդենը շփվել են դեկտեմբերի 7-ին՝ տեսակամուրջի ձևաչափով անցկացնելով մոտ երկու ժամ տևած բանակցություններ: