Ադրբեջանում կանցկացվի «Տերտերի գործով» կրկնակի քննություն
Ադրբեջանի գլխավոր դատախազությունում սկսվել է «Տերտերի գործով» կրկնակի քննությունը, հաղորդում է Qafqazinfo-ն։
«Տերտերի գործը» ենթադրում է 2017 թվականի մայիս-հունիս ամիսներին դավաճանության կասկածանքով ադրբեջանական բանակի հարյուրավոր զինծառայողների խոշտանգումներ, որոնց հետեւանքով սպանվել է առնվազն 11 զինծառայող։ Այս կապակցությամբ ստեղծվել է նոր քննչական խումբ։ Ըստ տեղեկությունների՝ քննչական խմբում ներգրավված են եղել նաեւ այլ իրավապահ մարմինների աշխատակիցներ։ Հանձնարարականներ են տրվել հանգամանորեն ուսումնասիրել կատարվածի բոլոր մանրամասները, հարցաքննել գործընթացին ներգրավված բոլոր անձանց եւ տալ ամբողջական օբյեկտիվ եզրակացություն։
Զորամասում տեղի ունեցած ռեզոնանսային իրադարձությունների առնչությամբ քրեական գործ է հարուցվել 2017 թվականի մայիսին։ Այս տարվա նոյեմբերին զինդատախազ Հանլար Վելիեւը երկար ժամանակ անց առաջին անգամ խոսել է «Տերտերի գործի» մասին։ Վելիեւի խոսքով՝ ռազմական դատախազության իրականացրած քննության ընթացքում պարզվել է, որ ռազմական դատախազության կողմից մինչեւ հետաքննության անցկացումը՝ մի քանի օրվա ընթացքում, պետական դավաճանության մեջ կասկածվող անձանց հանդեպ գործադրվել է ֆիզիկական բռնություն. «Արդյունքում մեկ մարդ մահացել է մինչեւ մեր կողմից քրեական գործ հարուցելը։ Անձամբ ես, ինչպես նաեւ հանրապետության ռազմական դատախազի առաջին տեղակալը, քննությունը ղեկավարող Շաֆահաթ Իմրանովը, գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռուստամ Ուսուբովը, վարչության պետը եւ ուրիշներ մեկնել են տվյալ զորամաս։ Հաստատվել է, որ իսկապես զանգվածային կարգով զինծառայողների դեմ կիրառվել են կտտանքներ անօրինական ձեւով։ Ուստի, անմիջապես հարուցվել է քրեական գործ։ Իմ պահանջով պաշտպանության նախարարության բժշկական ծառայությունից եկել է բժիշկների մեծ բրիգադ, որոնք զննել են այնտեղ գտնվող մարդկանց»։ Այս գործով 16 մարդ ենթարկվել է քրեական պատասխանատվության, իսկ այնուհետեւ՝ դատական պատասխանատվության եւ դատապարտվել երկարաժամկետ ազատազրկումների։