ԱՄՆ-ում դատարանն Ալեք Բոլդուինին պարտավորեցրել է իրավապահներին հասանելիություն տալ հեռախոսի տվյալներին
ԱՄՆ-ում դատարանը պարտավորեցրել է հասանելիություն տրամադրել դերասան Ալեք Բոլդուինի հեռախոսի բոլոր տվյալներին։ Դերասանը «Ժանգը» ֆիլմի նկարահանման հրապարակում պատահաբար սպանել էր օպերատորին, հայտնում է Sky News-ը՝ վկայակոչելով դատարանի որոշումը։
Հաղորդվում է, որ Բոլդուինն այս գործով կամավոր կերպով ցուցմունք է տվել, սակայն նրա փաստաբանները հրաժարվում էին տրամադրել հեռախոսն առանց դատարանի որոշման։ Սանտա Ֆեի դատարանը բավարարել է շերիֆի գրասենյակի միջնորդությունն ու տվել հրամանը։
Ավելի վաղ՝ օպերատորի մահվան վերաբերյալ հարցազրույցի հրապարակումից հետո, Բոլդուինը ջնջել է Twitter-ի իր հաշիվը։ Հոկտեմբերի վերջին հայտնի է դարձել, որ Բոլդուինը կրակոց է արձակել «Ժանգը» ֆիլմի նկարահանման հրապարակում, ինչի արդյունքում մահացել է օպերատոր Հալինա Հատչինսը, վիրավորել է ռեժիսոր Ջոել Սոուսան։