Ալիևն ու Օվերչուկը քննարկել են փոխվարչապետերի մակարդակով ռուս-ադրբեջանա-հայկական եռակողմ հանձնաժողովի գործունեությունը
Ուրբաթ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության զարգացումը եւ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, հայտնում է Ադրբեջանի նախագահի կայքը։
«Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում, հատկապես նշվել է ապրանքաշրջանառության աճը։ Առկա է տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման լավ ներուժ»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Մտքեր են փոխանակվել նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։
Բացի այդ, հաղորդվում է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել փոխվարչապետերի մակարդակով ռուս-ադրբեջանա-հայկական եռակողմ հանձնաժողովի գործունեությանը, քննարկվել են հաղորդակցությունների բացման հետ կապված հարցեր։