Ադրբեջանի լուծարված ազգային անվտանգության նախարարության գեներալը միլիոնավոր դոլարներ է հափշտակել
Բացահայտվել են լուծարված ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ) քննչական վարչության նախկին ղեկավար, տխրահռչակ գեներալ Մովլամ Շիխալիեւի ավելի վաղ չգրանցված սեփականության բազմաթիվ օբյեկտներ։
Ըստ haqqin.az-ի՝ Շիխալիեւի եւ նրա հանցախմբի գործով 32 զոհերից Հուսեյն Սաֆարովը հայտնաբերել եւ լրագրողներին ցույց է տվել Նովխանի գյուղում կառուցված Շիխալիեւների շքեղ պալատը։ Հուսեյն Սաֆարովը, ով ժամանակին ղեկավարել է «Կապիտալ» բանկի մասնաճյուղը, ձերբակալվել է 2008 թվականին եւ 76 օր պահվել Ազգային անվտանգության նախարարության խցում, որտեղ սպառնալիքների եւ շանտաժի միջոցով նրանից եւ նրա ընտանիքի անդամներից երկու միլիոն դոլար են կորզել։ «Մովլամ Շիխալիեւն այս դղյակը կառուցել է ինձ նման գործարարներից հանցավոր ճանապարհով ձեռք բերված միլիոններով»,- լրագրողներին ասել է Գ. Սաֆարովը՝ կանգնած հսկայական շենքի առջեւ, որը, ըստ նրա, պատկանել է ԱԱՆ նախկին գեներալին։ - Չէ որ սա ափամերձ տարածք է` Aqua Park-ից մեկ քայլ հեռավորության վրա: Եվ այս ամրոցը միակը չէ, Շիխալիեւը հինգն ունի Նովխանիում։ Հարցն այն է, թե որտեղի՞ց այս մարդուն այդքան գումար…»:
Շիխալիևի դղյակի դիմաց Հուսեյն Սաֆարովը պատմել է ԱԱՆ գեներալի բազմաթիվ այլ ունեցվածքների մասին։ «Ես իմացա բազմաթիվ անշարժ գույքի մասին ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում, որոնք պատկանում են Մովլամ Շիխալիեւին։ Ինչպես տեսնում եք, այս ամրոցն ունի վեց հարկ, գումարած ստորգետնյա երկու հարկը: Միայն նայեք այս առանձնատան պարիսպին, թե ինչքան բետոն են լցրել այստեղ։ Սա իսկական պալատ է, որը կառուցել է Շիխալիեւը, այդ թվում՝ իմ փողերով…
Սա դեռ ինչ է: Մոտակայքում նա շքեղ առանձնատուն է կառուցել, որտեղ ապրում էր մի կնոջ հետ, ում հետ քաղաքացիական ամուսնության մեջ էր։ Այս ավազակը, ով թալանել է ինձ նման մարդկանց, ավելի քան մեկ միլիարդ դոլար արժողությամբ ունեցվածք ունի։ Այս ամբողջ հարստությունը ձեռք բերելու համար նա հարյուրավոր ձեռնարկատերերի ճակատագրեր է կործանել եւ պետք է պատասխան տա դրա համար: Շիխալիեւին պատկանող օբյեկտների վարձակալությունից ամսական մոտ երկու միլիոն մանաթ է հավաքվում, ուստի նրա ընտանիքը դեռ ոչնչից իրեն չի զրկում եւ շքեղ կենսակերպ է վարում։ Ես ի սրտե ցանկանում եմ, որ այս սրիկան իր կյանքի մնացած մասն անցկացնի ճաղերի հետեւում: Նա պետք է պատժվի այն մարդկանց տառապանքների համար, որոնց տանջել ու խոշտանգել է»: Նա պատմել է, որ Բաքվի զինվորական դատարանը տուժաշներին արգելել է գույքային պահանջներ ներկայացնել, եւ Մովլամ Շիխալիեւի բազմաթիվ անշարժ գույքի եւ ունեցվածքի միայն չնչին մասն է գրանցված։ Սաֆարովը, մասնավորապես, պնդում է, որ Մովլամ Շիխալիեւը յոթ բնակարան ունի մետրոյի Սահիլ կայարանի վերեւում կառուցված շենքում։
«Այս շենքում բնակարանի մեկ քառակուսի մետրն արժե 5-6 հազար մանաթ, ուստի միայն մեկ բնակարանի արժեքը տատանվում է մեկ կամ երկու միլիոն մանաթի սահմաններում»,- ասել է Հուսեյն Սաֆարովը։ -Նիզամի թաղամասում նա կահույքի խանութների ցանց ունի, որը Շիխալիեւը գրանցել է իր եղբորորդու անունով։ Գեներալի ուսադիրներով այս ավազակը Թուրքիայում տասնյոթ միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք ունի, ինչպես նաեւ` վիլլաներ Դուբայում՝ Palm Jumeyrah կղզու տարածքում՝ իր որդու եւ դստեր անունով։ Այս բոլոր փաստերը ես կներկայացնեմ դատարանում…»:
Կալանք դրված անշարժ գույքի ընդհանուր գումարը, որը պատկանում էր Մ.Շիխալիեւին եւ նրա ընտանիքին, կազմում է ընդամենը մոտ 7 միլիոն դոլար։