«ՏաԹևերը» ճանաչվել է հաղթող World Travel Awards-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում
«ՏաԹևեր» ճոպանուղին ճանաչվել է հաղթող «World Travel Awards»-ի 28-րդ մրցանակաբաշխության «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում, իսկ Հայաստանը՝ «Աշխարհի առաջատար ժառանգության նպատակակետ» անվանակարգում։
Հաշվի առնելով համաշխարհային զբոսաշրջության աստիճանական վերականգնումը Քովիդ-19 համավարակի բռնկումից ի վեր, այս տարի զբոսաշրջության գլխավոր մրցանակին արժանանալը առավել քան երբևէ կարևոր է ու արժեքավոր Հայաստանի համար։
«ՏաԹևերը» լինելով աշխարհի ամենաերկար (5752 մ) հետադարձելի ճոպանուղին և 11 տարվա ընթացքում սպասարկելով ավելի քան 1 միլիոն այցելու, այս համաշխարհային մակարդակի մրցանակի շնորհիվ կարող է գրանցել նորանոր ձեռբերումներ, ինչպես նաև միջազգային զբոսաշրջային շուկայում հաջողությամբ շարունակել Հայաստանի ու Տաթևի վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատանքները։
«Այս ձեռքբերումը ևս մեկ անգամ ապացուցեց այն փաստը, որ Տաթևի վանական համալիրը և «ՏաԹևեր» ճոպանուղին Հայաստանի ու տարածաշրջանի համար հանդիսանում են առաջնակարգ և նշանակալի զբոսաշրջային ուղղություն, իսկ «ՏաԹևեր» ճոպանուղին համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափանիշներին»,- ասաց «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն Վահե Բաղդասարյանը։
Զբոսաշրջության համաշխարհային մրցանակաբաշխությունը (World Travel Awards), որը հիմնադրվել է 1993 թ․-ին, միտված է ճամփորդության, զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտների ճանաչմանը, պարգևատրմանն ու տոնակատարությանը։
«Նման համաշխարհային կարեւորության մրցանակաբաշխությանը Հայաստանի մասնակցությունը եւ հաղթանակը, այն էլ երկու անվանակարգերում, առավել ճանաչելի են դարձնում երկիրը միջազգային շուկաներում։ Հարկավոր է օգտագործել նման հնարավորությունները, եւ շարունակական մարքեթինգային արշավների միջոցով ամրապնդել Հայաստանի դիրքավորումը՝ որպես համաշխարհային ժառանգության առաջատար վայր եւ առաջատար ճոպանուղի ունեցող երկիր»,-ասաց ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի փորձագետ Գայանե Այվազյանը։
Համագործակցությունը «World Travel Awards»-ի հետ մերկնարկել էր «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը ս․թ․ հունիսին, որի շրջանակում կնքվել էր համագործակցության պայմանագիր Հայաստանի զբոսաշրջության ոլորտի, տուրիստական ենթակառուցվածքների և ոլորտի մասնագետների կարողությունները զարգացնելու նպատակով։
Այս համագործակցության շրջանակում TUF հիմնադրամը կազմակերպել էր նաև
«World Travel Awards»-ի հիմնադիր և տնօրեն Գրեմ Քուքի այցը դեպի Հայաստան, որի ընթացքում նա շրջել էր Հայաստանի ամենադիտարժան և զբոսաշրջային գրավչություն ունեցող վայրերում, ծանոթացել հայկական մշակույթին, պատմությանը, ավանդույթներին և ազգային խոհանոցին։