Էրդողանը փոխել է ֆինանսների երկու փոխնախարարներին լիրայի փոխարժեքի շարունակական անկման ֆոնին
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը պաշտոնանկ է արել ֆինանսների եւ գանձապետարանի երկու փոխնախարարներին թուրքական լիրայի շարունակական թուլացման ֆոնին։ Համապատասխան հրամանագիրը հինգշաբթի գիշերը հրապարակվել է կառավարության պաշտոնական Resmî Gazete թերթում։
Շաքիր Էրջան Գյուլի և Մեհմեթ Համդի Յըլդըրըմի փոխարեն նշանակվել են Մահմութ Գյուրքանն ու Յունուս Էլիթաշը։
Մինչդեռ դեկտեմբերի 2-ին եւս Էրդողանի հրամանով աշխատանքից ազատվել է ֆինանսների և գանձապետարանի նախարար Լյութֆի Էլվանը, որին փոխարինել է նրա տեղակալներից մեկը՝ Նուրեդին Նեբաթին։
Տարեսկզբից թուրքական արժույթը դոլարի եւ եվրոյի նկատմամբ գրեթե երկու անգամ էժանացել է, ինչը դարձել է դրա արժեքի ամենամեծ անկումներից մեկը վերջին տարիների ընթացքում։ Հունվարին մեկ ամերիկյան դոլարի դիմաց տրվում էր մոտ 7.3 լիրա։ Ներկայում Թուրքիայի ազգային արժույթը վաճառվում է 14.85 ԱՄՆ դոլարի մակարդակում: