Անօդաչու սարքերով զինված՝ Թուրքիան ուսումնասիրում է Աֆրիկայում զենքի վաճառքի հնարավորությունները
Մարտերում փորձարկումներ անցած անօդաչուներով զինված՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամրապնդում է պաշտպանական կապերը աֆրիկյան երկրների հետ՝ Ստամբուլում մայրցամաքի առաջնորդների հանդիպման նախօրեին:
Թուրքիա-Աֆրիկա գործընկերության երկօրյա գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերին կայանալիք ներդրումների եւ առեւտրի վերաբերյալ բարձր մակարդակի գործարար համաժողովից անմիջապես հետո: 39 երկրների ղեկավարներ եւ բարձրաստիճան նախարարներ, այդ թվում՝ 13 նախագահներ, հաստատել են իրենց ներկայությունը, իսկ Էրդողանը չորեքշաբթի ելույթով հանդես կգա:
Անկարան արդեն ռազմաբազա ունի Սոմալիում, իսկ Մարոկկոն եւ Թունիսը, ըստ տեղեկությունների, սեպտեմբերին ստացել են թուրքական մարտական անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը:
Անգոլան վերջինն էր, ով հետաքրքրություն է ցուցաբերել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) նկատմամբ Էրդողանի՝ հոկտեմբերին հարավաֆրիկյան երկիր կատարած առաջին այցի ժամանակ:
Օգոստոսին Թուրքիան նաեւ Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդի հետ ռազմական համագործակցության պայմանագիր է ստորագրել։
«Ամենակարեւոր ոլորտը պաշտպանական ոլորտն է, քանի որ դա ակտիվ է։ Թուրքիան մեծապես խթանել է այս ոլորտը, հատկապես անօդաչու թռչող սարքերը», - AFP-ին ասել է Ջենովայի համալսարանի միջազգային հարաբերությունների հետազոտող Ֆեդերիկո Դոնելին:
Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ Ռուսաստանը աֆրիկյան զենքի շուկայում գերիշխող խաղացողն էր՝ 2015-2019 թվականներին նրան էր բաժին ընկնում մայրցամաք ներմուծումների 49 տոկոսը: Սակայն թուրքական զենքի նկատմամբ հետաքրքրությունն աճում է։
TB2 Bayraktar մոդելի պահանջարկը մեծացել է այն բանից հետո, նրան են վերագրել Լիբիայում եւ Ղարաբաղում հակամարտությունների ելքը:
Անօդաչուներն արտադրվում են Baykar մասնավոր ընկերության կողմից, որը ղեկավարում է Էրդողանի փեսաներից մեկը։
«Ամենուր, որտեղ գնում եմ Աֆրիկայում, բոլորը հարցնում են անօդաչու թռչող սարքերի մասին», - պարծենում էր Էրդողանը հոկտեմբերին Անգոլա, Նիգերիա եւ Տոգո կատարած իր այցելություններից հետո:
ՄԱԿ-ի գնահատականներով՝ առավելագույն ուշադրություն է դարձվել Թուրքիայի կապերին Եթովպիայի հետ, որտեղ բռնի հակամարտությունը հազարավոր մարդկանց կյանքեր խլեց, տեղահանվեց ավելի քան երկու միլիոն մարդ եւ հարյուր հազարավորները սովի շեմին հայտնվեցին: Արեւմտյան աղբյուրը հայտնել է, որ Թուրքիան անհայտ թվով մարտական անօդաչու թռչող սարքեր է ուղարկել, սակայն դրանից հետո արձագանքել է միջազգային ճնշմանը եւ դադարեցրել վաճառքը:
«Եթովպիան կարող է գնել այդ անօդաչու թռչող սարքերը ցանկացածից», - ասել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնյան՝ չհաստատելով կամ հերքելով վաճառքը։
Թուրքիայի պաշտոնական տվյալները չեն բացահայտում առանձին երկրներին ռազմական արտադրանքի վաճառքի մանրամասները, այլ միայն տալիս են յուրաքանչյուր ամսվա վաճառքի ընդհանուր գումարը։ Վերջին մեկ տարվա ընթացքում դրանք կտրուկ աճել են։
Թուրքական արտահանողների ասամբլեայի հրապարակած տվյալների համաձայն՝ թուրքական պաշտպանական եւ ավիացիոն արտահանումները Եթովպիա հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում աճել են մինչեւ 94.6 միլիոն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մոտ 235.000 դոլարից։ Նմանատիպ աճ են գրանցել Անգոլային, Չադին եւ Մարոկկոյին վաճառքները:
Թուրքական անօդաչու թռչող սարքերն առաջին անգամ հայտնվեցին միջազգային նորությունների վերնագրերում այն բանից հետո, երբ Անկարան 2019 թվականին ՄԱԿ-ի կողմից ճանաչված Լիբիայի կառավարության հետ երկու համաձայնագիր ստորագրեց ծովային նավագնացության եւ անվտանգության վերաբերյալ: Թուրքիան անցյալ տարի Լեռնային Ղարաբաղում ամրապնդեց իր անօդաչու սարքերի հեղինակությունը։
«Այժմ Թուրքիան անօդաչու սարքերի հետ խաղալու ավելի շատ հնարավորություններ ունի, երբ ստիպված է սակարկել այլ երկրների հետ»,- ասել է հետազոտող Դոնելին:
Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի (հասարակական կազմակերպություն, որը հոկտեմբերին հյուրընկալել է Ստամբուլում կայացած ֆորումը) ղեկավարը պնդել է, որ աճող հարաբերությունները միայն զենքի հետ չեն կապված: «Մենք հոգում ենք պաշտպանական հատվածի եւ Աֆրիկայի հետ մեր հարաբերությունների մասին»,- AFP-ին ասել է կառավարման տնօրեն Նայիլ Օլփակը: «Բայց ես կցանկանայի ընդգծել, որ եթե մենք պաշտպանական ոլորտը դիտարկենք միայն որպես զենք, հրթիռ, տանկեր եւ հրացաններ, դա սխալ կլինի»։
Հաղորդվում է, որ Թուրքիան Աֆրիկայում 37 ռազմական գրասենյակների ցանց է ստեղծել՝ առաջիկա տարիներին մայրցամաքի հետ իր տարեկան առեւտուրը մինչեւ 75 միլիարդ դոլար եռապատկելու Էրդողանի հաստատած նպատակի համաձայն: