Ալիևը պնդում է, որ Բաքուն կարողացել է համոզել Երևանին «դեպի Նախիջևան ավտոճանապարհի բացման անխուսափելիությունը»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդում է, որ Բաքուն կարողացել է համոզել Երևանին «ավտոճանապարհի բացման անխուսափելիությունը (Հայաստանով դեպի Նախիջևան)»:
«Նախկինում Հայաստանը դեմ էր ավտոմայրուղու բացմանը, բայց մենք կարողացանք համոզել նրանց, որ դա անխուսափելի է, եւ նրանք համաձայն են։ Այսպիսով, համաձայնությունը կա: Այժմ մենք քննարկում ենք այդ միջանցքների իրավական ռեժիմը, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի, որն Ադրբեջանով անցնում է Հայաստան, ապա՝ Նախիջեւան։ Մենք դեռ որոշ չլուծված խնդիրներ ունենք»,- ասել է Ալիեւը իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում՝ հավելելով, որ «երկու երկրներն էլ ընդունում են այն փաստը, որ միջանցքի բացումը պետք է տեղի ունենա»։
Ի դեպ, օդային տարածքն արդեն ակտիվացել է։ Այժմ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռները, որոնք Բաքվից թռչում են Նախիջեւան, սկսել են անցնել Հայաստանի օդային տարածքով»,- հայտարարել է Ալիեւը։
Նրա խոսքով՝ Բաքուն ցանկանում է բացել սահմանները Երեւանի հետ: «Մինչ օրս մի քանի բանակցություններ են անցկացվել եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների գլխավորությամբ։ Այս աշխատանքային խմբի հիմնական նպատակն ու խնդիրը հաղորդակցությունների բացումն է։ Բանակցությունների մի քանի փուլեր համեմատաբար հաջող են անցել։ Այժմ ամբողջական պայմանավորվածություն կա Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության բացման վերաբերյալ, եւ մենք սկսել ենք ազատագրված շրջաններում քանդված երկաթգծի կառուցումը դեպի Հայաստանի հետ սահման»,- ասել է նա։