Բերդի համայնքապետը գործարքի չի գնում. առաջիկայում հնարավոր են լուրջ հուզումներ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին մեղադրանք էր առաջադրվել և միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Դատարանը միջնորդությունը բավարարել էր:
Այս գործի հետ կապված՝ «Փաստին» մի քանի ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորաբար, մեր տեղեկություններով, իշխանությունները Տավուշի նախկին մարզպետ, ներկայումս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի միջոցով ոչ մեկ անգամ Մանուչարյանին առաջարկել են հրաժարական տալ, որպեսզի կարողանան ՏԻՄ-երի «զավթման» շրջանակներում Բերդում ևս պաշտոնակատար նշանակել իրենց ցանկալի անձին:
Սակայն Հարություն Մանուչարյանը հրաժարվել է, ինչից հետո հարուցվել է քրեական գործ, իսկ օրեր առաջ որոշում է կայացվել նաև նրան կալանավորել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ հիմա էլ են իշխանություններն ուղիղ տեքստով Մանուչարյանին առաջարկում հրաժարական տալ՝ խոստանալով այդ դեպքում ոչ միայն կալանավորման որոշումը փոխել, այլև նույնիսկ քրեական գործը կարճել: Մանուչարյանը, մեր տեղեկություններով, դարձյալ հրաժարվել է՝ նշելով, որ նախ՝ գործարքի չի գնում, և երկրորդ՝ համարում է, որ հարուցված քրեական գործը բացարձակ անհիմն է, ու ինքը մեղադրանքը չի ընդունում:
«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, այս իրադարձությունները շատ մեծ դժգոհություններ են առաջացրել ոչ միայն Բերդի ավագանու անդամների, այլև բնակչության շրջանում, և չի բացառվում, որ առաջիկայում Բերդում լուրջ հուզումներ ու բողոքի ակցիաներ սկսվեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում