Չավուշօղլուն հայտնել է՝ ով է լինելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերի շրջանակում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը
Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերի շրջանակում հատուկ ներկայացուցիչ կնշանակի Վաշինգտոնում իր նախկին դեսպան Սերդար Քըլըչին։
Ինչպես գրում է haberler.com-ը, այս մասին հաղորդել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Վերջինն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար:
Դրանից հետո ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել էր ԶԼՄ-ների հարցին՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմայի շուրջ․
«Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։
Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,-նշել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը: