Քադիրովը ցույց է տվել` ինչպես է իր որդին տղամարդ դառնում
ՌԴ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի որդու՝ Էլիի չափահաս դառնալու արարողությունը տեղի է ունեցել «Խյաժին բեշ» կրոնական կենտրոնում։ Այս մասին Չեչնիայի ղեկավարը գրել է VKontakte-ի իր էջում։
Նա նշել է, որ տղան 15 տարեկան է։ Տեղական սովորույթների համաձայն՝ այս տարիքում երիտասարդները հասունանում են և արդեն իրենց ազգի պատասխանատու ներկայացուցիչներ են։
«Մեր գեղեցիկ հին ավանդույթների համաձայն՝ գեղեցիկ ծեսի մեջ գլխավոր տեղն է զբաղեցնում դաշույնով գոտի կապելը, որից հետո երիտասարդը համարվում է լիարժեք տղամարդ, հայրենիքի և ընտանիքի պաշտպան»,- ասել է Քադիրովը։
Քաղաքական գործչի խոսքով՝ այս արարողությունը կատարել է նրա հորեղբայրը՝ Մուհամմադ Քադիրովը։ Առաջին դաշույնը Էլիին է նվիրել Հյուսիսային Կովկասի դաշնային շրջանի Ալիմների խորհրդի նախագահ Խոժ-Ահմեդ Քադիրովը։ Իսկ շրջանի ղեկավարի եղբայրը՝ Չեչնիայի Հանրապետության մուֆթի Սալախ-Խաջի Մեժիեւը, փափախ է դրել երիտասարդի գլխին։
«Յուրաքանչյուր չափահաս չեչեն և իսկական կոնախ [արժանի տղամարդ] պետք է փայփայելով պահի դաշույնով գոտին և փափախը՝ որպես հպարտության և ազնվության սուրբ ատրիբուտներ»,- ընդգծել է Ռամզան Քադիրովը։
Քաղաքական գործիչը հավելել է, որ արարողության վայրում ապրել է իր նախապապ Իլյաս Բենոևսկին։