Էդմոն Մարուքյանը ներկայացրել է կիսաճշմարտություններ
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանի ձերբակալության գործով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը երեկ լայֆ ձևաչափով, մեղմ ասած, կիսաճշմարտություններ էր ներկայացնում, առանձին դեպքերում իրականությունը լրիվ հակառակ ձևով էր ներկայացնում»: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Նա նախ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, թե որ օրերին է այս ամենը կատարվում. «Խայտառակ վիճակ է մեր արտաքին քաղաքական դաշտում, Թուրքիայի վիլայեթ դառնալու գործընթաց է, կարծեք թե, իրականացվում, ինչ-որ մարդիկ են գալիս արտասահմանից, ասում են՝ թուրքերը, ադրբեջանցիները մեզ վտանգ չեն սպառնում, ինչ-որ անհասկանալի իրադարձություններ են տեղի ունենում: Ես միջազգային իրավունքի մասնագետ չեմ, բայց լուրջ վտանգներ եմ զգում, տեսնում եմ, որ ինչ-որ բան է նախապատրաստվում: Եվ այդ ընթացքում խայտառակ ձևով ձերբակալվում է Նարեկ Սամսոնյանը, նաև մեկ տարի առաջվա քրեական գործով Նարեկ Մանթաշյանը ձերբակալվեց, հետո կալանավորման հարց բարձրացվեց:
Եկեք հասկանանք՝ շատ հավանական է, որ այս ամենը պատահական չէ, այսինքն իրականացվում է մի ամբողջ գործընթաց, էլեմենտներից մի քանիսն էլ այն է, որ հանրությունը, հատկապես ընդդիմադիր տրամադրություններ ունեցող մարդիկ, իրենց ուշադրությունը շեղեն իրենց ընկերներին, գործընկերներին ապօրինի ձերբակալումից ազատելու, այդ հարցում էներգիա ծախսելու վրա և այլ հարցերով»:
Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է երեկ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով՝ ծանր վիրավորանքի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Քրեական գործը վերաբերում է Սամսոնյանի կողմից որոշակի արտահայտություններ կատարելուն, որը, դիտարկելով որպես ծանր վիրավորանք, հաղորդում է ներկայացվել։
Ռ.Մելիքյանը հիշեցրեց, որ Նարեկ Սամսոնյանի դեմ քրեական գործը հարուցվել է «Լուսավոր Հայաստանից» Դավիթ Խաժակյանի դիմումի հիման վրա. «Օգտվելով Նարեկ Սամսոնյանի մեր համոզմամբ ապօրինի ձերբակալումից, մի հոդվածով, որով նա որեւէ դեպքում չի կարող ազատությունից զրկվել, եթե անգամ նա դատապարտվի դատարանի կողմից նրա նկատմամբ չի կարող ազատազրկում պատժատեսակ կիրառվել: Օգտվելով Սամսոնյանի մեկուսացած լինելուց, փորձ է կատարվում իրականացնել իրադարձությունների վարկած, որը խիստ միակողմանի է:
Էդմոն Մարուքյանը իր լայվով փորձ արեց շեղել իրականությունի հանրային կարծիքը, ես ճիշտ համարեցի որոշակի պարզաբանումներ տալ:
Մարուքյանն ասում է՝ Սամսոնյանը հայհոյող է, սրան է հայհոյում, նրան է հայհոյում:
Դավիթ Խաժակյանի նկատմամբ հայտնի ֆանտաստ գրողի ազգանունը տալու անմիջական պատճառը եղել է որպես պատասխան ԼՀԿ-ի մի քանի ներկայացուցիչների կողմից գրառման, որը տարածել էր նաեւ Խաժակյանը՝ Նարեկ Սամսոնյանին թեգ անելով եւ պատասխան պահանջելով, ծաղրական բաներ գրելով: Այդ գրառումների ներքո, ըստ Սամսոնյանի զրպարտչական, խիստ վիրավորական տեղեկություններ էին տարածվում: «Լափդ պակասել է». «քեզ լափ էր տալիս էսինչ գործիչը, հիմա դու ման ես գալիս, ով պետք է քեզ լափ տա»: Այդ վիրավորանքին որպես արձագանք այդ բառն է գրած եղել:
Իրականությանը չհամապատասխանող տեղեկություններից մարդը վիրավորվել էր և վիրավորանքին որպես արձագանք նաև այդ բառն էր գրած եղել:
Նարեկ Սամսոնյանը շատ վրդովված է եղել, որ այդպիսի զրպարտություններ էր իր նկատմամբ տարածվում և ի պատասխան այդ զրպարտության, եղել է այդ բառի օգտագործումը»,- մանրամասնեց Ռուբեն Մելիքյանը:
Նրա խոսքով, հետո եղել է հանդիպելու պայմանավորվածություն. «Ես այդ հանդիպմանը մասնակցել եմ, նպատակ եմ ունեցել հանդիպման արդյունքում խաղաղ ձևով ամեն ինչ ավարտվի: Ոչ թե նպատակ եմ ունեցել, որ խաղաղ ձևով ամեն ինչ ավարտվի, քանի որ, ըստ Էդմոն Մարուքյանի, ես հասկացել եմ Սամսոնյանի արածն իրավախախտում է կամ հանցագործություն, այլ լրիվ հակառակը: Ես այդ հանդիպման ժամանակ բառացի և ուղիղ ասել եմ, որ, իմ պատկերացմամբ, սա որևէ իրավական հեռանկար չունեցող գործ է, այսինքն եթե ծանր վիրավորանքի հարց եք բարձրացնում, մարդիկ հարց են տալու՝ հարգելիներս, ասենք վիրավորանք է եղել, ի պատասխան ինչի՞ է եղել: Շատ կարևոր գործոն է: Հիմա էլ եմ այդ կարծիքին, այս գործը նորմալ պայմաններում հեռանկար չի կարող ունենալ»: