Ընդդիմությունը հրապարակել է Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին ԱԺ հայտարարության նախագիծը. ՔՊ-ն տապալեց ընդդիմության նախաձեռնած նիստը
Հայաստանի ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հրապարակել է Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին ԱԺ հայտարարության նախագիծը և դրա հիմնավորումը, որը պետք է ընդունվեր խորհրդարանի արտահերթ նիստում, սակայն ՔՊ-ն բոյկոտեց նիստը:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Սահմանադրության 103-րդ հոդվածը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածը՝
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը
Դատապարտում է՝
ա) Թուրք-ադրբեջանական ագրեսիան և Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը, ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ ներխուժումը, ուժի շարունակական գործադրումը կամ այն գործադրելու իրական սպառնալիքները, փաստացի սահմանագծման և սահմանազատման գործողությունները։
բ) Գերեվարված, պատանդառված անձանց նկատմամբ միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները, նոր գերեվարումների դեպքերը, կեղծ դատավարությունների պատրվակով նրանց չհանձնելը, պատերազմական հանցագործություն համարվող այլ գործողությունները:
Արձանագրում է, որ
ա) 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո էլ Ադրբեջանի կողմից վերը նշված հանցավոր գործողությունները շարունակվում են՝ ուղեկցվելով ՀՀ և ԱՀ տարածքների նկատմամբ ոտնձգություններով, խաղաղ բնակիչների նկատմամբ ահաբեկչություններով, բռնազավթված բնակավայրերում պատմամշակութային ժառանգության ոչնչացումով կամ յուրացումով:
բ) Արցախի ժողովրդի անվտանգ և կայուն կենսագործունեության երաշխավորման համար անհրաժեշտություն է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի տեղակայման 5 ամյա ժամկետի առնվազը նույն ժամկետով երկարաձգումը՝ Կողմերից մեկի, այդ ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ երկարաձգման հայտարարության հիման վրա:
գ) Պետական սահմանների որոշումը սահմանակից պետությունների բացառիկ իրավասության ոլորտն է, որը պետք է բխի ՄԱԿ-ի «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի (1969), Հելսինկիի եզրափակիչ ակտի (1975) և ԵԱՀԿ քարտուղարության «Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, հրատապ հարցեր և լուծման ուղիներ» (2017) փաստաթղթի հայեցակարգային նորմերից, այդ թվում այն սկզբունքից, համաձայն որի առ ոչինչ է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով ձեռքբերված ցանկացած միջազգային համաձայնություն:
գ) ԵԱՀԿ Մինսկի խումբն է միջազգայնորեն ճանաչված այն ձևաչափը, որի շրջանակներում կարգավորվելու և իրացվելու է Արցախի ժողովրդի` իր պատմական տարածքում ինքորոշման երաշխավորված իրավունքը, միջազգային իրավունքի սկզբունքներով ձևավորված Արցախի Հանրապետության դե ֆակտո գոյության ամրապնդումը, ինչպես նաև Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիան՝ որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման գլխավոր նախապայման:
դ) Հիմնավորվել է 44-օրյա պատերազմում ահաբեկչական վարձկան խմբավորումների ներգրավմամբ Թուրքիայի բացահայտ մասնակցությունը, ինչը սակայն մնացել է անպատիժ՝ պատշաճ գնահատական չստանալով միջազգային հանրության կողմից։
Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ, որի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով, ինչպես նաև ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմամբ:
Հաստատում է, որ
ա) Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանն ապօրինի բռնակցված Արցախը չի կարող Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս կազմել: Ընդ որում, Ադրբեջանը իր Սահմանադրությամբ չի ամրագրել Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանն իր իրավահաջորդությունը:
բ) Հայաստանի Հանրապետությունը չունի միջազգային-իրավական ոչ մի պարտավորություն՝ հիմք ընդունելու որևէ քարտեզով արձանագրված սահմանները, առավել ևս, երբ այն չի համապատասխանում միջազգային լավագույն փորձին:
գ) Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող որևէ պաշտոնատար անձ, այդ թվում՝ գործադիր իշխանության ղեկավարը կամ այլ ներկայացուցիչ, չի կարող գրավոր կամ բանավոր համաձայնություն ձեռք բերել՝ խախտելով Արցախի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետությանը վերաբերող իրավական հիմնարար նորմերը: Այդպիսի ցանկացած համաձայնություն ի սկզբանե առ ոչինչ է:
դ) Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև վեճերը կարող են լուծվել բացառապես խաղաղ միջոցներով՝ առանց ուժի և ուժի սպառնալիքի կիրառման:
Հայաստանի Հանրապետության կառավարությունից պահանջում է.
ա) Զերծ մնալ որևէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնությունից, որը կխախտի Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրում ամրագրված հայ ժողովրդի հավաքական կամքը:
բ) Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանագծման և սահմանազատման հարցում չկատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են չեղարկել Արցախի ժողովրդի` իր պատմական տարածքում ինքորոշման իրավունքի երաշխավորված իրացումը, այդ թվում որպես անկախ սուբյեկտ ձևավորվելու օրինական փաստը։
գ) Պետության անվտանգության ազգային և միջազգային երաշխիքների ամրապնդման նպատակով զարկ տալ բանակի վերականգմանն եւ սահմանների կահավորմանը, հստակեցնել և կատարելագործել ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունները:
Կոչ է անում միջազգային կազմակերպություններին, ՄԱԿ-ի անդամ երկրների խորհրդարաններին դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված և շարունակվող հանցագործությունները, ձեռնարկել վերջիններիս իրավական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ»:
Հիմնավորում
Ազգային ժողովի կողմից՝ ներկայացված հայտարարության ընդունման հրամայականը բխում է այն վտանգավոր և մտահոգիչ իրավիճակից, որն առկա է Թուրքիայի անմիջական հրահրմամբ և աջակցությամբ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դեմ սանձազերծված պատերազմի և չդադարող ռազմական ագրեսիայի հետևանքով:
Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցվում են խիստ մտահոգիչ հայտարարություններ, որոնք չեն բխում միջազգային իրավունքից, Հայ ժողովրդի կամքն արտահայտող Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից և Անկախության հռչակագրից, Արցախի ժողովրդի` իր պատմական տարածքում ինքորոշման իրավունքի երաշխավորված իրացումից, արցախյան հիմնախնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ կարգավորելու ընդունված ձևաչափից:
Ավելին՝ անտեսելով Խորհրդային ժամանակաշրջանում Արցախի և Հայաստանի տարածքների Ադրբեջանի կողմից ապօրինի յուրացման փաստերը, չդիտարկելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր սահմանագծման և սահմանազատման հարցը արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հետ մեկ փաթեթում, ստեղծվում է իրական վտանգ հայոց պետականության գոյության և հայ ժողովրդի անվտանգ լինելիության համար:
Հայտարարությունով Ազգային ժողովը, որպես Սահմանադրությամբ ամրագրված՝ Հայ ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմին, իր քաղաքական դիրքրոշումն է արտահայտում Հայոց պետականության կենսական կարևորություն ներկայացնող հարցերի վերաբերյալ՝ պահանջելով իր վերահսկողության ներքո գնտվող Հայաստանի գործադիր իշխանությունից առաջնորդվել Հայ ժողովրդի շահերով, սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ միջազգային ընդունված կանոններին համապատասխան: Հայտարարության նախագծի վերաբերյալ «Հայաստան» խմբակցությունը 2021 թվականի նոյեմբերի 25-ին կազմակերպել է խորհրդարանական լսումներ, որի մասնակից բազմաթիվ հասարակական-քաղաքական, մտավորական և գիտական շրջանակաների ներկայացուցիչների կողմից հնչել են բազմաթիվ առաջարկներ: Հայտարարության նախագիծը քննարկվել է նաև Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում: Հնչեցված առաջարկների հիման վրա հայտարարության նախագիծը լրամշակվել է և առաջադրվում է Ազգային ժողովում ընդունման համար:
***
Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 15-ին, իշխող մեծամասնությունը տապալեց «Հայաստան» խմբակցության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը՝ Ադրբեջանի հետ սահմանին սահմանազատման եւ սահմանագծման հարցով։ Այս պահին գրանցվել է ընդամենը 30 պատգամավոր, այսինքն՝ քվորում չկա։
Իշխող մեծամասնությունը, բացառությամբ՝ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի, բացակայում էր։ Առաջիկա ժամերին կշարունակվեն պատգամավորների գրանցումները։ Ընդդիմությունը, բնականաբար, միայնակ քվորում չի կարող ապահովել, քանի որ երկու ընդդիմադիր խմբակցություններն ընդհանուր առմամբ ունեն ընդամենը 35 պատգամավոր։