Հիմա ուզում եմ հասկանամ՝ էդ ո՞նց եք դուք տղա, էդ ե՞րբ տղա դարձաք. Մարուքյանը՝ Նարեկ Սամսոնյանին
Հայաստանն ապրում է ճակատագրական օրեր, բայց մեր հանրային խոսքը, հանրային զբաղմունքը կենտրոնացած է այլ բաների վրա. օրինակ, ասում են՝ այսօր ընդդիմադիր ակտիվիստին բռնեցին, մի ամբողջ սոցցանցեր աղաղակում են, լրագրող են բռնել. Ռուբեն Հայրապետյանն է Մոսկվայից վիրավորանքներով հարցազրույց տվել: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում նշել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Եկեք հիմա խոսենք հայհոյանքի մշակույթի մասին, երբ մարդը քաղաքական գործունեություն է իրավականցնում, ունի վերաբերմունք որոշակի հարցերի վերաբերյալ, եւ այդ մարդը հենց դիրքորոշում ուզում է արտահայտել, նրան հայհոյում են: Այսինքն հայհոյանքը զսպիչ ուժ է դարձել իրենց կարծիքն արտահայտելուց: Այսինքն դու ունես քաղաքական կարծիք, բայց չես արտահայտում, որովհետեւ քեզ կհայհոյեն: Սա դարձել է մշակույթի մի մասը:
Մեր մամուլն է հայհոյանքներով գլխագրեր դնում եւ այս մշակույթը շարունակում է բազմապատկվել: Մենք հանգել ենք նրան, որ ստիպված ենք դիմել իրավապահ մարմիններին, որ այդ խնդրով զբաղվել»,-ասաց նա:
Մարուքյանը տեղեկացրեց, որ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, ԼՀԿ անդամ Դավիթ Խաժակյանը հաղորդում է ներկայացրել իրեն հայհոյելու համար եւ այդ հաղորդման հիման վրա հարուցվել է քրգործ. «Դրանից հետո այդ անձը, տվյալ դեպքում Նարեկ Սամսոնյանն իմացել է, որ քրգործ է հարուցվել, նա շարունկել է հայհոյել երեկ երեկոյան ֆեյսբուքում, որից հետո ավելի խիստ հանցագործության տեսակ է դարձել, որը հանգել է ձերբակալման: Հիմա քննարկում են, ասում են՝ վայ, ո՞նց կարելի է մարդուն ձերբակալել, ընկերներս գրում են՝ հնարավոր չէ՞ր առանց հաղորդում տալու այս հարցը լուծել: Ես ԱՄՆ-ում էի, Դավիթն ինձ հետ կապվեց, ասաց՝ հայհոյանքներ են գրում հրապարակային, եւ ասաց նաեւ, որ իրեն զանգել են, որ դուրս հանեն գրասենյակից, սպառնալով, հայհոյելով, եւ ինքը ձայնագրել է ամբողջ խոսակցությունը: Հայհոյանք գրողը Նարեկ Սամսոնյանն է, զանգող դուրս հրավիրողն էլ իր ընկերներից, չգիտեմ ով է: Երբ ես լսեցի ձայնագրությունն ու կարդացի գրառումը, Դավիթին ասացի՝ մենք տարբերակներ չունենք, մեզ դրդում են հանցագործության: Ասենք, այս պահին էլ կամ պատրաստ ընկերներ, որոնք կարող են հավաքվել, - հոգով բեյսբոլի բիտեքը վերցնենք կամ բութ գործիքներ, գնանք գտնենք այդ հայհոյողին, ասենք՝ էս ում ես հայհոյում: Բռնենք սատկացնենք: Բնականաբար, այդ մարդը դրանից հետո մտնելու է լայվ, ասի՝ ժողովրդավարության բաստիոնում ինձ ծեծում են իմ ազատ խոսքն արտահայտելու համար: Ոստիկանները գալու են մեզ, կամ մեր ընկերներին ձերբակալելու են, քրգործ են հարուցելու: Ասելու են՝ մեծ մարդիկ եք, ձեզ հայհոյել են, կա օրենք, հաղորդում տվեք, գնացել եք մտել գրասենյակ, բեսբոլի բիտեքով ջարդել սաղ գրասենյակը, էդ մարդուն սատկացրել, համակարգիչներն եք ջարդել: Ես ասացի՝ Դավիթ ջան, մենք էդ ճանապարհով չենք կարող գնալ»,-ասաց Մարուքյանը:
Նա շարունակեց, որ դրանից հետո միջնորդում է Նարեկ Սամսոնյանի ավոր Ռուբեն Մելիքյանը, որ խոսենք, հանդիպենք, որովհետեւ հասկանում է, որ Դավիթ Խաժակյանը հաղորդում է ներկայացնելու. «Խոսում են, Դավիթն ասում է՝ եկեք տեքստ պատրաստենք, որ այսուհետ հայհոյանք չեք օգտագործելու, այդ տեքստը հրապարակենք, որ հանդիպեցինք, խոսեցինք, հարթվեց գնաց: Այսինքն Դավիթը փորձել է ճանապարհ գտնի, որ բանը չհասնի հաղորդում տալուն: Ինքը չի ընդունում: Ես Դավիթին ասում եմ՝ մեզ մնացել է երկու տարբերակ՝ բեյսբոլի բիտեքը եւ հաղորդում տալը: Ես ընտրում եմ հաղորդումը, տուր հաղորդում»:
Մարուքյանը շարունակեց, որ հաղորդումից հետո Սամսոնյանին կանչում են իրավապահ մարմիններից, բայց ինքը երեկ երեկոյան նորից մտնում, հայհոյանք է գրում եւ խստանում է նրա նկատմամբ ենթադրյալ հանցագործությունը:
Նրա խոսքով, այստեղ հետաքրքիրն այն է, որ երբ հայհոյողներին ասում ես՝ էդ մե՞զ ես հայհոյում, ասում են՝ չէ, ֆանտաստ գրողի մասին էի ասում. «Ու էդ մարդիկ իրենց դիրքավորում են որպես տղերք: Իրենք տղերք են, իսկ հաղորդում տվողը տղա չի: Բա չեք մտածո՞ւմ, որ ֆանտաստ գրողները կարող է հավաքվեն, գան ձեր տները, բա էդ ժամանակ ի՞նչ եք ասելու: Հիմա ուզում եմ հասկանամ՝ էդ ո՞նց եք դուք տղա, էդ ե՞րբ տղա դարձաք: Սեւ ֆանտաստ գրող կգա ձեր գլուխը»,-ասաց Մարուքյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: