Ի՞նչ է սպասվում ՀՀԿ համագումարին. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Հաշված օրեր անց` դեկտեմμերի 18-ին, տեղի կունենա ՀՀԿ 17-րդ համագումարը: Ի՞նչ է սպասվում այդ օրը, եւ արդյոք համագումարը ենթադրում է նաեւ կուսակցության ներսում որոշակի փոփոխություններ, «Իրավունքը» հետաքրքրվեց ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ մի քանի գումարման պատգամավոր Կարինե Աճեմյանից:
-Հանրապետական կուսակցությունը դժվարին ճանապարհ է անցել այս 3,5 տարիներին: Մեզ թիրախավորեցին, քրեական հետապնդումների ենթարկեցին, ամեն ինչ արեցին, որ այս կուսակցությունը փակվի ու վերջանա: Բայց շատ լուրջ հիմքեր եւ բովանդակություն կա այս կուսակցության տակ դրված եւ, այնուամենայնիվ, թեպետ ոչ շատ, բայց նվիրյալներ կային, որոնք կարողացան պահպանել կուսակցությունը:
ՀՀԿ-ն մշտապես գործել է եւ ոչ մի օր իր գործունեությունը չի դադարեցրել: Ինչ վերաբերում է համագումարին, այն օրենքի պահանջն է եւ պետք է տեղի ունենար դեռ անցյալ տարի, բայց պատերազմը խանգարեց: Այս ընթացքում ինքնամաքրման պրոցեսով անցանք, վերահաշվարկներ արեցինք, հասկացանք, որ այլեւս այդ ուռճացված թվերը, որոնք կային, եւ մարդիկ, որոնք հիմնականում իրենց անձնական շահից ելնելով էին ընդգրկված կուսակցությունում, պետք է մաքրվեն մեր շարքերից:
Իհարկե, ամբողջապես դժվար է անել, թե մաքրել ենք, որովհետեւ միշտ լինում են տարրեր, որոնք սողոսկում են եւ ամեն կողմի վրա ուզում են ներկա լինել: Այստեղ արժանապատվության խնդիր կա, եւ յուրաքանչյուրը պետք է առաջնորդվի միայն եւ միայն պետական եւ հայրենիքի շահերով` իր անձնականը ստորադասելով դրան: Գիտեք, սրանք ուղղակի բառեր չեն, կարծում եմ`այսպիսի մարդիկ, ցավոք, ոչ շատ, բայց դեռ կան եւ կարող են այնպես կազմակերպել աշխատանքը, որպեսզի գոնե այս ազգապահպան, բարոյական արժեքներ ներկրող կուսակցությունը կարողանա շարունակել իր ճանապարհը:
Անդրադառնալով փոփոխություններին` նշեմ, որ կուսակցության ծրագրում որեւէ փոփոխություն չի եղել, իսկ կանոնադրության մեջ բավականին փոփոխություններ ենք իրականացրել եւ համապատասխանեցրել ենք կուսակցությունների մասին օրենքին եւ մեր այս նոր իրավիճակին, որովհետեւ պետք է ճկուն լինել, հասկանալ տարածքային եւ առհասարակ մեր բոլոր կառույցների, կանանց եւ երիտասարդական խորհուրդների աշխատանքների հունը եւ ընթացքը:
Այս առումով համագումարը կարծես ի մի է բերում մեր գործունեության արդյունքները: Ինչպես գիտեք, համագումարի ժամանակ նաեւ նախագահ ենք ընտրում եւ գործադիր մարմին: Ասեմ, որ ՀՀԿ խորհրդում եւ գործադիր մարմնում փոփոխություններ լինելու են, որովհետեւ պարզապես մեծ հոսք ենք ունեցել:
Ոմանք հեռացել են, բայց շատերն էլ այս ընթացքում անդամագրվել են եւ մեզ հետ պայքարել են: Կային մարդիկ, որոնք կուսակցական չեն եղել, բայց պետության դեմ ուղղված վտանգը զգալով` անդամագրվել են մեր կուսակցությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: