Թուրքիան ցանկանում է ավելացնել տուգանքները սննդամթերքի կուտակման համար
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության օրենսդիրները սննդամթերքի կուտակման համար տուգանքները մեծացնելու մասին օրինագիծ են ներկայացրել խորհրդարանին, հաղորդում է T24-ը։
Ութ կետից բաղկացած առաջարկը 100.000-ից մինչեւ 2 միլիոն լիրա (մոտ 7.000-ից 144.000 դոլար) տուգանքներ է նախատեսում: Այն ներկայացվում է այն ժամանակ, երբ երկիրը գնաճի կտրուկ աճի է բախվում տնտեսական անկման ֆոնին։ Օրինագիծը վերաբերում է «արտադրողների, մատակարարների եւ մանրածախ առեւտրի գործողություններին, որոնք խցանումներ, անհավասարակշռություն են առաջացնում շուկայում», ինչպես նաեւ` «գործողություններ, որոնք փոխում են ազատ մրցակցությունը», եւ կոչ է անում ավելացնել տուգանքները, որոնք որպես ավելի խիստ կանխարգելիչ գործոն կծառայեն այդպիսի գործողությունների համար:
Թուրքիայում գնաճը նոյեմբերին, ըստ պաշտոնական տվյալների, տարեկան կտրվածքով աճել է մինչեւ 20.7 տոկոս, պարենային ապրանքների գներն աճել են միջինում 27.1 տոկոսով, քանի որ երկիրը պայքարում է արժույթի կտրուկ արժեզրկման հետ: