ԱՄՆ-ը, Հյուսիսային Կորեան, Հարավային Կորեան եւ Չինաստանը համաձայնել են Կորեական պատերազմի ավարտի մասին հայտարարել
ԱՄՆ-ը, Հյուսիսային Կորեան, Հարավային Կորեան եւ Չինաստանը «սկզբունքորեն» պայմանավորվել են հայտարարել Կորեական պատերազմի պաշտոնական ավարտի մասին։ Սակայն Փհենյանի պահանջների պատճառով այս հարցով հանդիպում դեռեւս տեղի չի ունեցել։ Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը:
Նրա խոսքով՝ այդ քայլը կօգնի վերսկսել Փհենյանի ապամիջուկայնացման հարցով երկրների՝ փակուղի մտած բանակցությունները։ Պետքարտուղարության խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտոնյաները «պատրաստ են հանդիպել առանց նախապայմանների»: «Մենք հուսով ենք, որ [Հյուսիսային Կորեան] դրականորեն կարձագանքի մեր գործողություններին», - հավելել է նա:
1950-53 թվականների Կորեական պատերազմին վերջ տալու պաշտոնական համաձայնություն չի եղել։ Այսպիսով, Հարավային եւ Հյուսիսային Կորեաները տեխնիկապես դեռեւս պատերազմի մեջ են գտնվում՝ համապատասխանաբար ԱՄՆ-ի եւ Չինաստանի աջակցությամբ։
Մուն Չժե Ինը Կանբերայում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Հյուսիսային Կորեայի պաշտոնյաները ճնշում են գործադրում, որպեսզի ԱՄՆ-ն վերջ դնի «թշնամական քաղաքականությանը»:
«Դրա պատճառով չենք կարող նստել եւ քննարկել կամ բանակցել պատերազմի պաշտոնական ավարտը», - ասել է Մունը: «Հուսով ենք, որ բանակցություններ կսկսվեն», - հավելել է նա։
«Պատերազմի ավարտն ինքնին վերջնական նպատակը չէ»,- ասել է նա՝ հավելելով, որ դա կարեւոր քայլ կլինի Կորեական թերակղզում ապամիջուկայնացման եւ խաղաղության բանակցությունների վերսկսման ուղղությամբ։