Դեռահասը ինքն իրեն պայթեցրել է Սերպուխովոյի վանքի մոտ
Ուղղափառ գիմնազիայի շրջանավարտն ինքն իրեն պայթեցրել է Սերպուխովոյում, Վվեդենի կանանց տերունական վանքի մոտ, տեղեկացրել են ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի գլխավոր վարչությունում։
Վվեդենի կանանց վանական շենքի մոտ Սերպուխովոյում գործի է դրվել ինքնաշեն պայթուցի սարք։ Այս մասին երկուշաբթի՝ դեկտեմբերի 13-ին տեղեկացրել է ՌԴ ՔԿ Մոսկվայի մարզի գլխավոր վարչության ավագ օգնական Օլգա Վրադիյը։ «Ինտերֆաքսի» տվյալներով՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը գործադրել է ուղղափառ գիմնազիայի 18-ամյա շրջանավարտը։ Գործակալության աղբյուրը տեղեկացրել է, որ բժիշկներին հաջողվել է վերակենդանացնել տղային։
Սակայն նա մահացել է արյան կորստից։ Հարձակվողի մահվան մասին տեղեկացրել է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Նախնական տվյալներով՝ տուժել է մոտ յոթ մարդ։ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացրել է 12 տուժողի մասին։
Հարուցվել է քրեական գործ մահափորձի եւ պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության հոդվածներով։
Նախկին գիմնազիստը հարձակումը նախատեսել էր առավոտյան աղոթքի ժամանակ, բայց պայթուցիկ սարքը պայթել է ուսումնական շենքի մուտքի մոտ։ Ականատեսներից մեկի խոսքով՝ պայթյունից անմիջապես հետո երեխաները սկսել են դուրս փախչել, որպեսզի թաքնվեն սեղանատանը։
Նախնական տվյալներով՝ խոսքը գիմնազիայի նախկին սանի մասին է, որը հրապուրված էր համակարգչային խաղերով, այդ թվում եւ հրաձգությամբ։ Իր հերթին՝ «Ինտերֆաքսի» զրուցակիցը տեղեկացրել է, որ նախնական վարկածով հանցագործության դրդապատճառ կարող էր լինել կասկածյալի ատելությունը դպրոցի մանկավարժների եւ միանձնուհիների հանդեպ՝ անձնական անախորժ հարաբերությունների ֆոնին։ Աղբյուրի վարկածով՝ ուսման ժամանակ դեռահասը կարող էր ենթարկված լինել բուլինգի։