699 պացիենտից 81-ի մոտ հայտնաբերվել է հաստ աղու քաղցկեղի, 159-ի մոտ՝ բարորակ գոյացություններ. Սքրինինգային ծրագրի արդյունքները
Հաստ աղու քաղցկեղի վաղ հայտնաբերման եւ կանխարգելման սքրինինգային ծրագրի շրջանակում ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում անվճար կոլոնոսկոպիա է կատարվել 699 բուժառուի, ինչի արդյունքում հայտնաբերվել է հաստ աղու քաղցկեղի 81 եւ հաստ աղու բարորակ գոյացությունների 159 դեպք:
Կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սքրինինգային ծրագիրը իրականացվել է 2021-ի հունվարի 1-ից հունիսի 30-ը, եւ դրա շրջանակում անվճար կոլոնոսկոպիա է կատարվել 45 տարին լրացած յուրաքանչյուր մարդուն, ով այդ հետազոտության համար ցուցում ուներ՝ բժիշկների կողմից նշանակված կամ ընտանեկան անամնեզի եւ հիվանդության ռիսկի խմբում գտնվելու հետ կապված:
Քանի որ պացիենտները շատ էին, հունիսի 30-ին ծրագիրը չդադարեցվեց. մինչեւ նոյեմբերի վերջ մասնագետները ավարտի հասցրեցին գրանցված բոլոր պացիենտների հետազոտությունները:
Նարեկ Մանուկյանի խոսքով, Հայաստանի մակարդակով սա աննախադեպ միջոցառում էր, որը թե վիճակագրական տվյալներ տվեց, եւ թե հնարավորություն տվեց քաղցկեղային նորագոյացություններն ավելի վաղ հայտնաբերել, ինչը զգալիորեն բարձրացնում է թե պացիենտների ապաքինման շանսերը, եւ թե նվազեցնում է բուժման վրա ծախսերը:
ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի էնդոսկոպիստ Վլադիմիր Նահապետյանը իր հերթին նշեց, որ ծրագրի ընթացքում հետազոտվել էր 699 բուժառու, որոնցից 81-ի մոտ հայտնաբերվել էր հաստ աղու քաղցկեղ, 159-ի մոտ՝ հաստ աղու բարորակ գոյացություններ: Որոշ պացիենտների մոտ բարորակ նորագոյացությունները հեռացվել էին հենց կոլոնոսկոպիայի ժամանակ:
Մասնագետի խոսքով՝ 4 պացիենտի մոտ քաղցկեղը հայտնաբերվել էր վաղ շրջանում, եւ նորագոյացությունը հնարավոր էր եղել հեռացնել էնդոսկոպիկ եղանակով, ինչի շնորհիվ պացիենտները շրջանցել էին մեծ վիրահատությունը եւ հետագա քիմիոթերապիան: