Ջուլիան Ասանժը գլխուղեղի կաթված է տարել
WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը գլխուղեղի կաթված է տարել լոնդոնյան Բելմարշ բանտում, որտեղ գտնվում է 2019 թվկանից ի վեր: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անլով վերջինիս հարսնացու Ստելլա Մորիսին:
Մորիսի փոխանցմամբ՝ Ասանժը կաթվածը տարել է հոկտեմբերի 27-ին Լոնդոնի Գերագույն դատարանում տեսակապի միջոցով ելույթ ունենալիս: Հարսնացուի կարծիքով՝ կաթվածը պայմանավորված է եղել ստրեսով, որի առաջացման պատճառը մեկը մյուսին հաջորդող դատալսումներն են:
Կատարվածն ազդել է 50-ամյա Ասանժի առողջության վրա: Նրա մոտ նկատվում են հիշողության հետ կապված խնդիրներ և նյարդաբանական խանգարման նշաններ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Անգլիայի վերաքննիչ դատարանը թույլատրել էր Ասանժի արտահանձնումը ԱՄՆ, որտեղ նրան մեղադրում են գաղտնի տեղեկության բացահայտման համար, որը խոշորագույն նմանօրինակ դեպքն է երկրի պատմության մեջ:
Ջուլիան Ասանժը հայտնի է դարձել Աֆղանստանում և Իրաքում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների մասին տեղեկությունների հրապարակումից հետո: Լրագրողը տեղեկություններ էր հրապարակել ռազմական գործողությունների ժամանակ խաղաղ բնակիչների սպանության, ինչպես նաև Կուբայի Գուանտանամո ամերիկյան բանտում տիրող պայմանների մասին: Ներկայացված մեղադրանքներով, ընդհանուր առմամբ, նրան սպառնում է մինչև 175 տարվա ազատազրկում: