Առատաձեռն թեյավճարի պատճառով մատուցողուհին կորցրել է աշխատանքը
ԱՄՆ Արկանզաս նահանգի Oven & Tap ռեստորանի աշխատակցուհի Ռայան Բրանդտը հեռացվել է աշխատանքից այն բանից հետո, երբ հաստատության հյուրերը նրան 4400 դոլարի առատաձեռն թեյավճար են թողել, գրում է Business Insider-ը։
Կնոջը տպավորիչ գումար է փոխանցել ռեստորանում հանգստացող 40 հոգանոց խումբը։ Հյուրերից յուրաքանչյուրը ճաշից հետո մոտ 100 դոլար ու մի քիչ ավելի գումար է թողել։ Ստացված գումարը տվել են Բրանդտին, ով մինչ այդ հաստատությունում աշխատում էր երեքուկես տարի։ Ղեկավարությունը, իմանալով ստացված գումարի մասին, պահանջել է այն կիսել մնացած աշխատակիցների հետ, չնայած նրան, որ նախկինում հիմնարկում թեյավճարներով կիսվելու պրակտիկա չի եղել։
Առատաձեռն խմբի անդամներից մեկը՝ Գրանթ Ուայզը, դեմ էր այդ պահանջին: Նա շեշտել է, որ թեյավճարը տրվել է կոնկրետ մատուցողուհու: Այդ կապակցությամբ նա պահանջել է վերադարձնել գումարը եւ անձամբ տվել է Բրանդտին։ Ուայզի միջամտությունից հետո մատուցողուհին զրկվել է աշխատանքից. ղեկավարությունը նրան հեռացրել է հաճախորդին բողոքելու համար: Հաստատության ներկայացուցիչներն ընդգծել են, որ աշխատակիցներն իրավունք չունեն անծանոթների հետ քննարկել ստացված թեյավճարները։