3 անչափահաս երեխաներով ընտանիքը հարեւանների կամայականության պատճառով զրկվել է խմելու ջրից
Չորս օր է` Առինջ գյուղի 6–րդ փողոցի 20 –րդ տան բնակիչները խմելու ջուր չունեն, ինչպես իրենք են ասում՝ հարեւանների քմահաճույքով։ 18–րդ տան սեփականատերը չի թույլատրել ջրագիծը վերանորոգել` պնդելով, որ այն անցնում է իրեն պատկանող տարածքով։
Ամեն ինչ սկսվել է, երբ վնասվել են գլխավոր ջրագծից երկու հարեւանների տուն եկող ջրագծերը։
««Վեոլիա ջուր»–ը 18 տան ջրամատակարարումը վերականգնեց, իսկ իմը՝ ոչ, որովհետեւ ասացին, որ իրավունք չունեն, քանի որ մենք մեր միջոցներով պետք է անենք, ես ասացի, որ պատրաստ եմ վճարել, բայց չհամաձայնեցին իմը վերանորոգել նաեւ այն պատճառով, որովհետեւ հարեւանը թույլ չտվեց։ Իմ ընտանիքը կենսական պահանջները բավարարելու իրավունքից զրկված է»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Առինջ գյուղի 6–րդ փողոցի 20 –րդ տան բնակիչ Նարեկ Հակոբյանը։
Ինչո՞ւ հարեւանը թույլ չի տվել, որ վերանորոգեն երեք անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքին ջուր մատակարարող միակ ջրագիծը։ Համար 18 տան սեփականատեր Վոլոդյա Վարդանյանը պատճառաբանում է՝ ջրագիծն իր տարածքով է անցնում։ Այդուհանդերձ, տարիներ շարունակ հարեւանի ջրագիծն այդ տարածքով է անցել, եւ մինչեւ վթարը փաստորեն դա Վարդանյանների համար խնդիր չի եղել։
«Վեոլիա ջրի» աշխատակիցներն էլ ասացին՝ եթե ջրագիծը սա է, ուրեմն սա հարեւանինն է, այն չի կարող քոնը լինել, որովհետեւ ջրագիծը քո տնից 8 մետր է հեռու, իսկ էս մարդու տնից՝ 70 սմ։ «Վեոլիայից» ասացին՝ կգաք դիմում կգրեք, էս մարդու տնից մի տասը մետր էն կողմով ջրագիծ կտամ, բայց ես իրենց ասել եմ, որ ով էլ գա, թույլ չեմ տալու»,– ասաց Առինջ գյուղի 6–րդ փողոցի 18–րդ տան սեփականատեր Վոլոդյա Վարդանյանը։
Հարեւանի նման պահվածքի պատճառն ըստ Նարեկ Հակոբյանի՝ իրենց միջեւ տարիներ առաջ ծագած վեճն է։ Այս երկու ընտանիքները, որոնք ժամանակին բարեկամություն են արել, արդեն մի քանի տարի է դատական ատյաններում վիճարկում են մեկմեկու սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Հակոբյանները պնդում են, որ ջրագիծն իրենց տարածքով է անցնում, հարեւաններն էլ՝ թե իրենց։ Չնայած տարածքի սեփականության հարցը դատարանում է, եւ երկու կողմն էլ վիճելի տարածքի սեփականության վկայական ունի, այդուհանդերձ, «Վեոլիա ջուրը» նախընտրել է ի գիտություն ընդունել Վարդանյանների սեփականության իրավունքը։
Նարեկ Հակոբյանի պաշտպան Վարդան Առաքելյանն ասում է՝ քանի դեռ սեփականության իրավունքը վիճարկման առարկա է, չի կարելի պնդել, որ ջրագիծն անցնում է Վարդանյաններին պատկանող տարածքով։
«Ոստիկանությունն ասում է՝ պարզ չէ, թե տարածքն ումն է, հետեւաբար մենք գործողություն չենք անում, հասարակական կարգ չենք ապահովում, մենք էլ ասում ենք՝ կարգն այդպես չէ, երբ որ պարզ կլինի, որ հողն իրենն է, դուք այդտեղ գործողություն մի արեք, բայց հիմա ակնհայտ է, որ իրենը չէ։ Չէ որ դուք էլ եք ընդունում, որ վիճելի տարածք է, բա եթե վիճելի է, ու դատարանի կողմից որեւէ սահմանափակում չկա, դուք ոնց եք էդ մարդուն ջրից զրկում»,– ասաց Վարդան Առաքելյանը։
Հարեւանների միջեւ վեճ է առաջացել տարիներ առաջ, երբ Նարեկ Հակոբյանը ցանկացել է իրեն պատկանող հողատարածքում ավտոտնակ կառուցել եւ Վարդանյանները չեն թույլատրել շարունակել ավտոտնակի կառուցումը՝ պնդելով, որ այն կառուցվում է իրենց տարածքում։
«Անցան տարիներ մեզ դատարանից կանչեցին, որ իբր մենք հող ենք զավթել։ Պարզվեց, որ իրենք գնացել են այդ տարիների ընթացքում մեկ այլ վկայական են հանել, որը որեւէ կերպ չի առնչվում ներկա տան եւ հողամասի փաստացի չափերին։ Ըստ այդ նոր վկայականի՝ այդ հողատարածքը, որի վրա աչք են դրել իրենք, եւ մեր տան 30%-ը գտնվում է իրենց տարածքում։ Հիմա հարց է առաջանում՝ էդ վկայական տվողը ինչ ձեւ է մտածել, ինչպես կարող է 1982 թվականից կառուցված մեր սեփականությունը հայտնվել 2003 թվականի վկայականի մեջ»,– նշեց Նարեկ Հակոբյանը։
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, պարիսպը պետք է քանդվեր, սակայն հետագայում դատարանի որոշմամբ կասեցվել է այդ գործընթացը եւ 18–րդ տան սեփականատիրոջն արգելվել է հարեւանի կառուցած պարսպի հետ կապված ցանկացած գործողություն կատարել՝ քանդել, տեղափոխել, ձեւափոխել։ Չնայած դրան՝ դատարանի եւ ԴԱՀԿ–ի փաստաթղթերի առակայության պարագայում էլ Վարդանյանները շարունակել են քանդել պարիսպը։
Մինչդեռ 18–րդ տան սեփականատերը պնդում է, որ պարիսպը քանդելու ընթացքում են միայն տեղեկացել դատարանի որոշման մասին։
«Ոստիկաններն այստեղ էին, միանգամից դադարեցրեցինք ու մինչեւ էսօր էդտեղ գործողություն չի կատարվել»,– ասաց Առինջ գյուղի 18–րդ տան սեփականատեր Վոլոդյա Վարդանյանը։
Հարեւանները, սակայն, տեսանյութ ունեն, որում երեւում է, որ անգամ դատարանի որոշմանը ծանոթանալուց հետո, Վարդանյանները շարունակել են քանդել պարիսպը։
Նարեկ Հակոբյանը վստահ է՝ հարեւանն այդպես ինքնավստահ է գործում, քանի որ ոստիկանությունում կապեր ունի։ Նրա որդին՝ Վահագն Վարդանյանը, նույնպես ոստիկանության մայոր է։ Հարեւանի պատմելով՝ պարիսպը քանդելու օրն էլ նա չի ենթարկվել այդտեղ ներկա գտնվող մեծ թվով ոստիկանների պահանջին։ Նրան անգամ բերման են ենթարկել, վերադառնալուց հետո նորից սկսել է քանդել պարիսպը։
Ինքնիրավչությամբ զբաղվելու եւ ոստիկանների անգործության փաստով Նարեկ Հակոբյանի պաշտպանը դիմում–բողոք է ներկայացրել ոստիկանապետին, նյութեր են ուղարկվել Ոստիկանության ներքին անվտանգության վարչություն՝ հետագա ընթացքը որոշելու համար։ Սակայն ոստիկանությունը դիմումը մերժել է, քանի որ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չի տեսել։
Նարեկ Հակոբյանը նաեւ ներկայացնում է բոլոր այն փաստաթղթերը, որոնք ըստ նրա ապացուցում են, որ 18–րդ տան սեփականատերերը կեղծել է տան վկայականը։ Նա պատմում է, որ իր հայրը տունը գնել է 1982թ.–ին, իսկ հարեւանները նախկին սեփականատիրոջից տունը գնել են 1995թ.––ին, մինչդեռ տան վկայականի մեջ գրված է, թե իրենք են այն ձեռք են բերել 1985թ–ին։
«Սարգսյան Գագիկ Վահանի, մեր հարեւան տան նախկին սեփականատերն է, այս վկայականը տրված է 1985թվականի հունիսի 26–ին։ Նույն կոդով, նույն ամսաթվով եւ համարով կա մեկ այլ վկայական Վարդանյան Վոլոդյա Գվիդոնի անունով, մինչդեռ իրենք տունը գնել են 1995թ.–ին։ Ընդ որում, 1985 թվականին նմանատիպ վկայականներ չեն եղել»,– ասաց Նարեկ Հակոբյանը։
Նոր ջրագիծ քաշելը ժամանակատար եւ ծախսատար է։ Երեք անչափահաս երեխա ունեցող ընտանիքը չի կարող այդքան ժամանակ առանց ջրի մնալ։ Նարեկ Հակոբյանը դիմել է նաեւ համայնքի ղեկավարին, սակայն վերջինս հրաժարվել է միջամտել խնդրին, նշելով, որ երկու կողմերն էլ իրեն հարազատ մարդիկ են, բացի այդ՝ դատարանի վերջնական ակտ դեռ չկա, հետեւաբար ինքը չի կարող ոչնչով օգտակար լինել։