Պուտինը հայտարարել է, որ 90-ականների սկզբին կառավարության խորհրդականների թվում կար ԱՄՆ ԿՀՎ-ի առնվազն մեկ գործակալ
1990-ականների սկզբին Ռուսաստանի կառավարության խորհրդականների թվում կար ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) առնվազն մեկ աշխատակից։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «Ռուսաստան. Նորագույն պատմություն» ֆիլմի համար հարցազրույցում, որից մի հատված ցուցադրվել է շաբաթ օրը «Ռոսիա-1» հեռուստաալիքով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այդ խորհրդականների թվում, երեւի, կարծում եմ, կար, բայց մեկը հաստատ կար, ԿՀՎ-ի աշխատակից, ով իրավունք չուներ, իր երկրի օրենսդրության համաձայն, առեւտրային գործունեությամբ զբաղվել»,- ասել է Պուտինը։ ՌԴ նախագահի խոսքով՝ գործն ի վերջո ԱՄՆ-ում դատական գործընթացի վերածվեց, որի ընթացքում պարզվեց, որ այդ մարդը ԿՀՎ-ի աշխատակից է։
Դեկտեմբերի 9-ին Քաղաքացիական հասարակության եւ մարդու իրավունքների զարգացման խորհրդի հետ հանդիպման ժամանակ Պուտինը համանման օրինակ էր բերել 1990-ականներին ՌԴ կառավարության աշխատակիցների մեջ ԿՀՎ ներկայացուցիչների մասին։ Նրա խոսքով՝ դա Ռուսաստանի Դաշնության գործերին միջամտելու փորձերի ընդամենը մի օրինակ է։ Նախագահը նաեւ պատմել էր, որ արդեն 2000-ականների սկզբին «մաքրեց բոլորին այնտեղից»։