«Բավարիայի» գլխավոր մարզիչ․ Կիմիխն ու Շուպո-Մոտինգը թոքերի ինֆիլտրացիայի պատճառով 1 ամիս չեն խաղա
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է թիմի խաղացողներ Ջոշուա Կիմիխի եւ Էրիկ-Մաքսիմ Շուպո-Մոտինգի առողջական վիճակի մասին։ Նրանք վարակվել էին կորոնավիրուսով, որը հետեւանքներ է թողել։ Երկուսն էլ պատվաստված չեն։
«Կիմիխի եւ Շուպոյի դեպքերը նման են։ Երկուսն էլ ունեն թոքերի որոշակի ինֆիլտրացիա։ Նրանց հանգիստ է պետք։ 10 օր վերականգնվելուց հետո կանցնեն անհատական մարզումների։ Հույս ունենք, որ նրանք խաղադաշտ կվերադառնան հունվարին։
Պատվաստման հետ կապված Կիմիխը չի կարող լինել քավության նոխազ։ Մամուլը շատ գրեց այդ մասին, բայց Գերմանիայում յուրաքանչյուրն իր կարծիքն ունի։ Կիմիխը որոշում է ընդունել, եւ մենք պետք է համաձայնենք դրան»,- Նագելսմանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Գերմանիայի հարավային շրջանները, այդ թվում Բավարիան, առանձնանում են հակապատվաստումային տրամադրություններով։