ԱԺ արտահերթ նիստի հետքերով․ ինչ սպասել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ` դեկտեմբերի 15-ին` ժամը 12:00-ին, կգումարվի արտահերթ նիստ: Նիստի օրակարգում կքննարկվի «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը, որը նախաձեռնել է «Հայաստան» խմբակցությունը, սակայն պաշտպանում է նաեւ «Պատիվ ունեմ»-ը, եւ որին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել: Նրանք նշում են, որ ընդունման հրամայականը բխում է այն վտանգավոր եւ մտահոգիչ իրավիճակից, որն առկա է Թուրքիայի անմիջական հրահրմամբ եւ աջակցությամբ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների դեմ սանձազերծված պատերազմի եւ չդադարող ռազմական ագրեսիայի հետեւանքով:
Հայտարարության մեջ ընդդիմադիր խմբակցությունը նաեւ միջազգային կազմակերպություններին, ՄԱԿ-ի անդամ երկրների խորհրդարաններին կոչ է անում դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացված եւ շարունակվող հանցագործությունները, ձեռնարկել վերջիններիս իրավական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ: Նկատենք, սակայն, որ այն արդեն իսկ բացասական եզրակացության է արժանացել իշխող ուժի խմբակցության կողմից, եւ նրա ճակատագիրը խորհրդարանում արտահերթ նիստի ժամանակ արդեն իսկ ակնհայտ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: