Նեթանյահուն պատասխանել է իր հասցեին Թրամփի հայհոյախառն մեղադրանքներին
Իսրայելի նախկին վարչապետ, ընդդիմության ներկայիս առաջնորդ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրեն ուղղված հայհոյախառն մեղադրանքներին՝ ընդգծելով, որ «իրոք գնահատում է» Թրամփի ցուցաբերած աջակցությունը Իսրայելին, հայտնում է Times of Israel-ը։
Հիշեցնենք, որ Թրամփը և Իսրայելի նախկին վարչապետը մտերիմ քաղաքական դաշնակիցներ են եղել հանրապետական նախագահի պաշտոնավարման 4 տարվա ընթացքում, համենայն դեպս հանրության առաջ: Սակայն վերջերս Թրամփը հայհոյել է (F... him) Նեթանյահուին նրա մասին խոսելիս և «դավաճան» անվանել: Այս մասին գրել է Axios.com-ի լրագրող Բարաք Ռավիդին՝ հատվածներ հրապարակելով Թրամփի հարցազրույցից:
«Ես նրա հետ չեմ խոսել այն ժամանակվանից»,- ասել է Թրամփը՝ հայհոյելով Նեթանյահուին: Ըստ ամերիկացի գործչի՝ իր համբերության բաժակը լցվել է, երբ Նեթանյահուն առաջինն է շնորհավորել Բայդենին նախագահական ընտրություններում հաղթելու առթիվ:
«Առաջին մարդը, որը շնորհավորել է Բայդենին Բիբի Նեթանյահուն էր, մարդ, որի համար ես ավելին եմ արել, քան մեկ ուրիշի… Բիբին կարող էր լուռ մնալ: Նա սարսափելի սխալ է արել»,- ասել է Թրամփը:
Սրան հաջորդել է Նեթանյահուի գրասենյակի հայտարարությունը.«Նախկին վարչապետ Նեթանյահուն իսկապես բարձր է գնահատում նախագահ Թրամփի մեծ ներդրումն Իսրայել պետության և նրա անվտանգության գործում: Նա նաև իսկապես գնահատում է Իսրայելի և ԱՄՆ-ի միջև ամուր դաշինքի կարևորությունը, և, հետևաբար, նրա համար կարևոր էր շնորհավորել նոր նախագահին», - ասվում է Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ: