ԱՄՆ-ը կարող է օբյեկտներ կառուցել Վրաստանում եւ Հայաստանում՝ աջակցելու իր «պաշտպանական գործունեությանը». RT
ԱՄՆ-ը չի բացառում Վրաստանում եւ Հայաստանում նոր օբյեկտների կառուցման համար միջոցներ հատկացնելու հնարավորությունը՝ իր «պաշտպանական գործունեությանը» աջակցելու համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ ցամաքային զորքերի ինժեներական կորպուսի հրապարակած նախնական փաստաթղթաբանության մեջ, գրել է RT-ն։
Ինչպես հետեւում է տեքստում բերված տվյալներից, ամերիկյան կողմը մտադիր է երկու առանձին պայմանագիր կնքել ընկերությունների հետ, որոնք պատրաստ կլինեն մասնակցել նոր օբյեկտների նախագծմանը եւ կառուցմանը, ինչպես նաեւ հների վերականգնմանն ու պահպանմանը Վրաստանի եւ Հայաստանի տարածքներում՝ «ի աջակցություն ԱՄՆ-ի պաշտպանական գործունեության»:
Նշվում է, որ առաջարկվող պայմանագրերից յուրաքանչյուրը «առաջին հերթին վերաբերելու է շինությունների կառուցմանը, նախագծմանը, վերակառուցմանը, ճանապարհների, մայթերի վերանորոգմանը» եւ այլն։
Նախնական տվյալներով՝ համապատասխան պայմանագրերի շրջանակներում աշխատանքի ընդհանուր արժեքը կարող է կազմել 45 մլն դոլար։