ԱՄՆ-ը 20 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի Ուկրաինայի սահմանների ամրապնդման համար
Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը և ԱՄՆ դեսպանատունն ուրբաթ ստորագրել են Համատեղ գործողությունների ծրագիր՝ ուղղված ուկրաինական սահմանի հյուսիսային և արևելյան հատվածների ամրապնդմանը: Ինչպես գրում է interfax.ru-ն, այս մասին հայտնում է Ուկրաինայի պետական սահմանային ծառայության մամուլի ծառայությունը։
«Ծրագրի մեկնարկը կտրվի 2022 թվականի հունվարին, աջակցության ընդհանուր գումարը դիտարկվում է 20 միլիոն դոլարի չափով»,- ասել է Սառա Լանգենկոմպը՝ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան միջազգային կապերի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և իրավապահ մարմինների հարցերով վարչության պետը:
Նախագիծը, մասնավորապես, նախատեսում է Ուկրաինայի պետական սահմանային ծառայությանը անօդաչու սարքերի, հատուկ մեքենաների, տեսադիտարկման սարքավորումների, կապի, սարքավորումների և այլնի տրամադրման հնարավորություն։
«Այսօր մենք շատ բարդ իրավիճակ ունենք Ուկրաինայի արևելքում, հյուսիսային սահմաններին, և տեխնիկական համագործակցության այս նախագիծը հենց միտված է սահմանի անվտանգության ամրապնդմանը»,- ասել է Պետական սահմանային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Նիկիֆորենկոն։