Մոսկվայում կայացել է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը. ՌԴ ԱԳՆ
Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ա. Ռուդենկոյի, Ադրբեջանի փոխարտգործնախարար Ա. Խալաֆովի, Հայաստանի փոխարտգործնախարար Վ. Գևորգյանի, Թուրքիայի փոխարտգործնախարար Ս. Օնալի, ինչպես նաև Իրանի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրեն Ա.Հագիգյանի մասնակցությամբ: Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրված էին, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարթակի աշխատանքը կենտրոնացնել դրա բոլոր մասնակիցներին հետաքրքրող գործնական հարցերի վրա։ Դրանք ներառում են վստահության բարձրացման, առևտրի, տնտեսական, տրանսպորտային, մշակութային և հումանիտար ոլորտներում փոխգործակցության, ինչպես նաև ընդհանուր մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելուն ուղղված միջոցառումներ:
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ հինգ երկրների ներկայացուցիչները ցանկություն են հայտնել Վրաստանի՝ հարթակի աշխատանքներին միանալուն. Վրաստանի համար «դուռը» մնում է բաց։
Համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հնարավոր ներգրավմամբ քննարկվել են հետագա քայլերն ու ապագա աշխատանքային ծրագրերը։