Կորոնավիրուսի դեմ ներռնգային նոր պատվաստանյութ ռուսների կողմից
Sputnik V և Sputnik Light պատվաստանյութերի մշակողները նոր ներռնգային պատվաստանյութ են մշակում կորոնավիրուսի դեմ։ Պատվաստանյութի նախակլինիկական ուսումնասիրությունները ներկայումս ընթացքի մեջ են եւ կավարտվեն 2021 թվականի դեկտեմբերի 20-ին։ Փորձագետներն արդեն մրցույթ են հայտարարել կամավորների` կլինիկական փորձարկումների առաջին երկու փուլերին մասնակցությա համար։
Այժմ պատվաստանյութը փորձարկվում է 18 ռեզուս կապիկների վրա, ինչպես նաեւ` մասնագիտացված լաբորատորիաներում։ Սա դեղամիջոցի ընդհանուր եւ հատուկ թունավորության եւ դեղաբանական ակտիվության փորձարկում է: Հետազոտվում է նաեւ դեղամիջոցի ֆարմակոկինետիկան։
Ըստ «Դեղագործական տեղեկագիր» պարբերականի՝ կլինիկական փորձարկումները պետք է գնահատեն պատվաստանյութերի անվտանգությունն ու արդյունավետությունը։ Դրանք իրականացվում են 18-55 տարեկան առողջ կամավորների վրա։ Բացի այդ, գիտնականները կուսումնասիրեն պատվաստանյութի իմունոգենությունը, այսինքն՝ իմունային պատասխան առաջացնելու դրա կարողությունը։
Նոր պատվաստանյութը ստեղծվել է վիրուսանման մասնիկների կամ VLP-ի հիման վրա, այսինքն՝ այն չի պարունակում SARS-CoV-2 վիրուսի գենետիկական նյութ. վիրուսանման մասնիկները միայն նմանակում են կորոնավիրուսին, բայց, միեւնույն ժամանակ, մարդու իմունային համակարգն արձագանքում է դրանց: Նախատեսվում է այն թողարկել երկու ձեւով՝ նոր ներռնգային եւ դասական ներարկային։ Նախատեսվում է, որ ներռնգային պատվաստանյութը կտրվի երեք անգամ, իսկ ներարկայինը՝ երեք անգամ։