Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը նոր համավարակին. Երկիրը առողջապահության ոլորտում Անվտանգության գլոբալ ինդեքսում զբաղեցրել է 16-րդ տեղը
Հայաստանը զբաղեցրել է 16-րդ տեղը առողջապահության ոլորտում Անվտանգության գլոբալ ինդեքսում, որը վերլուծել է 195 երկրների՝ ապագա համաճարակների եւ համավարակների դեմ պայքարին պատրաստվելու կարողությունը։
2021թ. ինդեքսը ցույց է տվել, որ 195 երկրներից ոչ մեկն այսօր պատրաստ չէ նոր համավարակին կամ համաճարակին։ Չնայած COVID-19 համավարակի դեմ պայքարի վրա ծախսվել է մոտ 2 տարի, ինդեքսը ցույց է տվել, որ առողջության անվտանգության միջին բալը կազմել է 38.9 100-ից 2021թ., ինչը գրեթե չի փոխվել 2019թ. համեմատ։
Առողջության անվտանգության Հայաստանի բալը կազմել է 61.8, ինչն էլ երկիրը դուրս է բերել աշխարհում 16-րդ հորիզոնականում։ Բայց այդ ցուցանիշը 2019թ. հետո նվազել է 1.4 տոկոսով։ Ինդեքսի առաջին երեք տեղերը զբաղեցրել են ԱՄՆ-ը, Ավստրալիան եւ Ֆինլանդիան՝ համապատասխանաբար 75.9, 71.1 եւ 70.9 բալերով։
Համավարակը կանխելու ոլորտում հնարավորությունների համար Հայաստանն ստացել է 79.3 բալ, ինչը 4.3 բալով ավելի բարձր է, քան 2019թ.։ Հարկ է նշել, որ այս ցուցանիշով Հայաստանը գտնվում է աշխարհում 12-րդ տեղում։ Այս բալն ստանալու համար մասնագետները գնահատել են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսին են հակաբիոտիկակայունությունը, զոոնոզային վարակների տարածվածությունը, իմունացման ծրագրերի արդյունավետությունը եւ այլն։ Հետաքրքիր է, որ հայտնի վարակիչ հիվանդությունների դեմ իմունացման ծրագրերի գծով Հայաստանն ստացել է 100 բալ 100 հնարավորից։
Ռիսկերի հայտնաբերման ոլորտում հնարավորությունների համար Հայաստանն ստացել է 69.6 բալ, ինչը 1.7-ով ավելի բարձր է, քան 2019թ.։ Այստեղ հաշվի են առնվում լաբորատոր հնարավորությունները, համաճարակաբանական ծառայությունների վիճակը եւ այլն։
Սակայն սպառնալիքին արձագանքելու աշխատանքի համար Հայաստանն ստացել է ընդամենը 56.3 բալ, ինչը 16.3-ով ավելի ցածր է, քան 2019-ին։ Այստեղ հաշվի են առնվում պատրաստվածությունը արտակարգ իրավիճակների ժամանակ, գործողության պլանների եւ ռազմավարությունների առկայությունը նման իրավիճակներում, լայն հանրությանն օպերատիվ կերպով անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու եւ հնարավոր ասեկոսեները կամ ոչ ճիշտ ինֆորմացիան կանխելու կարողությունը։ Այս ցուցանիշներով երկիրն ստացել է բավական ցածր գնահատականներ։
Շատ ցածր են եղել նաեւ ռիսկերի գնահատականները. մասնավորապես, քաղաքական եւ անվտանգության ոլորտի ռիսկերի գծով Հայաստանն ստացել է ընդամենը 38.9 բալ 100-ից, ինչը 8.1-ով ավելի ցածր է, քան 2019-ին։ Այս ցուցանիշով Հայաստանն զբաղեցնում է 154-րդ տեղը 195 երկրների շարքում։