«Կառավարությունն ուղիղ քաղաքականություն է որդեգրել՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին». Ակցիա՝ ԱԳՆ շենքում
Արտաքին գործերի նախարարության շենքում «Ազատագրական շարժման» անդամները բողոքի ակցիա են իրականացնում։
Շարժման կազմակերպիչներից Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից մի հայտարարություն արեց, որով մատնեց այսօրվա կառավարության մտադրությունները։ Մասնավորապես, նա նշեց, որ 2016 թվականից սկսած չկա ոչ գործնական, ոչ տեսական հնարավորություն Արցախն Ադրբեջանի կազմից դուրս հանելու հարցում։ Սա նշանակում է, որ այսօրվա կառավարությունն ուղիղ քաղաքականություն է որդեգրել՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին»:
Նա հարց հնչեցրեց, թե եթե 2016 թվականին նման տեղեկատվություն կար, ապա ինչու էր Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին հայտարարում՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։
Նա համոզմունք հայտնեց, որ կառավարությունն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, և նախագահ Արմեն Սարգսյանն ի վիճակի չեն ՀՀ շահերը ներկայացնել։
«Մենք այսօր եկել ենք ԱԳՆ՝ մեր հարցերն ուղղելու և պատասխանները ստանալու։ Ուզում ենք, որ պաշտոնական տեղեկատվություն տան մեր հարցերի հետ կապված», - ասաց Արա Զոհրաբյանը։