Բայդենը Զելենսկիին խոստացել է «պատժել Ռուսաստանին` Ուկրաինա ներխուժման դեպքում»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահեցրել է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիին, որ ԱՄՆ-ն եւ եվրոպացի դաշնակիցները «վճռական» քայլեր կձեռնարկեն՝ «Ռուսաստանին պատժելու համար, եթե այն ներխուժի Ուկրաինա»։
Հեռախոսազրույցի ընթացքում, որը տեւել է ավելի քան մեկ ժամ, «նախագահ Բայդենը շատ պարզ ասել է Միացյալ Նահանգների անսասան հավատարմությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը»,- ասել է բարձրաստիճան պաշտոնյան:
Նրա խոսքով՝ Բայդենը Զելենսկիին է տրամադրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր տեսազանգի ձայնագրությունը, որի ընթացքում Բայդենը զգուշացրել է, որ Ռուսաստանին խիստ տնտեսական պատժամիջոցներ են սպառնում, եթե այն «ներխուժի» Ուկրաինա։
Բայդենի վարչակազմը մանրամասներ չի հրապարակել, թե ինչպիսին կլինեն պատժամիջոցները։
Պաշտոնյան նաեւ ասել է, որ Բայդենը «շատ հստակ հասկացրել է», որ «եթե օրակարգում Ուկրաինան է, ապա այն պետք է լինի սեղանի շուրջ»:
Ամերիկացի եւ ուկրաինացի առաջնորդները Ռուսաստանին կոչ են արել «թուլացնել լարվածությունը» եւ համաձայնել են, որ դիվանագիտությունը լավագույն միջոցն է հակամարտության կարգավորման հարցում զգալի առաջընթաց գրանցելու համար։ Բայդենն ընդգծել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ աջակցելու վստահության ամրապնդման միջոցառումներին` Մինսկի համաձայնագրերի իրականացման առաջխաղացման համար։