Հայաստան. 6500 մարդ սահմանամերձ համայնքներում դրամական աջակցություն կստանա ձմռան կարիքները հոգալու համար
Դեկտեմբերից սկսած՝ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) հետ համագործակցությամբ, դրամական աջակցություն է տրամադրելու Սյունիքի և Գեղարքունիքի 30 սահմանամերձ համայնքներին։
ԿԽՄԿ-ից հայտնում են, որ մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ծրագրի շրջանակներում աջակցություն կստանա մոտ 6500 մարդ կամ ընտրված համայնքներում բնակվող ամեն ընտանիք։ Ընտանիքներից յուրաքանչյուրը կստանա 280,000 ՀՀ դրամի չափով միանվագ դրամական աջակցություն՝ ձմռան առաջնահերթ կարիքները, օրինակ՝ վառելափայտի կամ անասնակերի ծախսերը հոգալու համար։ Աջակցությունը կտրամադրվի դեկտեմբերին՝ տեղական բանկի մասնաճյուղերի միջոցով։
Ծրագրին նախորդել է կարիքների գնահատումը, որն իրականացվել է տեղական իշխանությունների համակարգմամբ։ ԿԽՄԿ և ՀԿԽԸ թիմերը գրանցել են նշված համայնքներում բնակվող բոլոր ընտանիքներին, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության անցյալ տարվա սրացման հետևանքով տեղահանվածներին։
Պատերազմի ազդեցությունը մարդկանց կյանքի և կենսապահովման վրա հատկապես զգալի է այս շրջաններում,- ասում է ԿԽՄԿ տնտեսական անվտանգության ծրագրի համակարգող Ասլան Բժիխատլովը։ -Լինի դա արոտավայրերի կամ վարելահողերի հասանելիության խնդիր, թե՝ ապագայի հանդեպ անորոշության կամ անվստահության զգացողություն, մենք լսում ենք տուժած համայնքների բնակիչներին և փորձում համապատասխանեցնել մեր մարդասիրական արձագանքը նրանց կարիքներին։
ԿԽՄԿ-ն չեզոք, անկողմնակալ և անկախ կազմակերպություն է, որի բացառապես մարդասիրական առաքելությունն է պաշտպանել զինված հակամարտությունից և բռնության այլ իրավիճակներից տուժած մարդկանց կյանքը և արժանապատվությունը։ Կազմակերպությունն իրականացնում է իր մարդասիրական գործունեությունը տարածաշրջանում 1992 թ.-ից Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։