Ծեծկռտուքից հետո պաշտոնից ազատվել է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Շաբաթներ առաջ մենք գրել էինք, որ Մեղրիի նորընտիր համայնքապետ Բագրատ Զաքարյանի եղբայրն ու զարմիկը ծեծել են Մեղրիի կոմունալ բաժնի պետ Արթուր Աթանեսյանին։ Աթանեսյանին ստիպել էին դիմում գրել, դիմադրել էր, եւ լեզվակռիվն ավարտվել էր ծեծկռտուքով։ Աթանեսյանը համայնքապետի նախկին ԺՊ, ՔՊ-ական Արարատ Թումանյանի մտերիմն է։ Երեկ տեղեկացանք, որ Աթանեսյանը, այնուամենայնիվ, ազատվել է աշխատանքից։ Մեզ ասացին, որ նրան համոզել են, եւ ինքնակամ դիմում է գրել։
Փոխարինողն էլ է արդեն հայտնի՝ հրաման դեռ չկա, սակայն պաշտոնում կնշանակվի Սամվել Բաբայանի Ազատական կուսակցության ավագանու ցուցակի հինգերորդ համարը՝ 27-ամյա Նաիրի Զաքարյանը, որն աշխատում էր Մեղրիի հաշվապահական հաշվառման գրասենյակի տնօրեն։ Ի դեպ, համայնքապետարանի մեր աղբյուրների փոխանցմամբ, Մեղրիում «ռուլիտ» է անում, ավելի ճիշտ՝ դե ֆակտո համայնքապետը Բաբայանի կուսակիցն է՝ Խաչիկ Անդրեասյանը՝ «Տուլի» մականունով, որը համայնքապետի տեղակալն է, եւ կոալիցիոն հուշագրով սահմանվել է, որ երկուսուկես տարի հետո կդառնա համայնքի ղեկավար։ Մինչ այդ նա արդեն դերի մեջ է մտել, որովհետեւ նախ համայնքում ավելի մեծ ճանաչում ունի, երկրորդ՝ Բագրատ Զաքարյանը, որպես այդպիսին, թիմ չունի։
Հիշեցնենք, որ նա առաջադրվել էր Արամ Սարգսյանի կուսակցության ցուցակով։ Այդուհանդերձ, Զաքարյանը չի ցանկանում դիրքերը զիջել եւ համայնքապետարանում նոր կարգ է սահմանել, աշխատակիցները մինչեւ 08.54-ը պետք է աշխատավայրում լինեն, հեռանան 18.01-ից ոչ շուտ, իսկ երբ ինքը համայնքապետարան է մուտք գործում, պետք է հանդիսավոր դիմավորեն իրեն>:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: