Ֆինլանդիայի վարչապետը ներողություն է խնդրել
Ֆինլանդիայի վարչապետը ներողություն է խնդրել անցած հանգստյան օրերին մինչև առավոտյան ժամը 4-ն ակումբում անցկացնելու համար այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա հաղորդագրություն է ստացել, որում ասվում է, որ պետք է մեկուսանա:
Ինչպես գրում է Daily Mail-ը, 36-ամյա Սաննա Մարինը ներողություն է խնդրել, որ կորոնավիրուսով վարակվածի (Արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն) հետ շփումից հետո չի մեկուսացել:
«Ես և ամուսինս դուրս էինք եկել սնվելու, գնումներ կատարելու քաղաքում, հանդիպեցինք ընկերներին, ժամանակ անցկացրինք՝ վայելելով երեկոն և գիշերային կյանքը», - գրել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդը ֆեյսբուքում:
Վարչապետի խոսքով՝ ինքը կառավարության գրասենյակից ժամանակին հրահանգ չի ստացել վարակված անձի հետ շփվելուց հետո շփումները սահմանափակելու վերաբերյալ։ Բայց Մարինը խոստովանել է, որ «պետք է իմանար» երկու շաբաթ առաջ գրասենյակի պատրաստած հրահանգների բովանդակությունը։
Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ չի կարդացել մեկուսացման անհրաժեշտության վերաբերյալ իր հեռախոսին ուղարկված տեքստային հաղորդագրությունը, քանի որ այդ օրը հեռախոսը թողել էր տանը: