Էրդողանը հայտարարել է, որ չի ճանաչում Քավալայի գործով ԵՄ որոշումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի ճանաչում անազատության մեջ գտնվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի և գործարար, իրավապաշտպան Օսման Քավալայի ազատ արձակման վերաբերյալ ԵՄ որոշումները, փոխանցում է Ermenihaber-ը։
Լրագրողի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Եվրամիությունից հնչող հայտարարությունները Քավալայի գործով Թուրքիայի դեմ տույժ սահմանելու վերաբերյալ Էրդողանը մասնավորապես պատասխանել է․ «Մենք չենք ճանաչում Քավալայի, Դեմիրթաշի, սրա, նրա հետ կապված ԵՄ որոշումները։ Հարցն այդքան պարզ է։ Հաշվում ենք, թե չկան։ Մեզ համար դրանք առ ոչինչ են։ Քանի անգամ ենք պարզաբանել այս հարցերը։ Ուզում են, թող հասկանան, չեն ուզում թող չհասկանան։ Մենք Եվրամիության որոշումը մեր դատական իշխանության որոշումից վեր չենք ճանաչում։ Ինչպես ճիշտ են գտնում, թող անեն»։
Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի նախարարների կոմիտեն որոշել է Թուրքիայի դեմ «խախտման ընթացակարգ» սկսել գործարար, իրավապաշտպան Օսման Քավալային ազատ արձակելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռը չկատարելու համար։ Թուրքիայի ԱԳՆ-ն «դատական համակարգին միջամտություն» է որակել այդ որոշումը։