Ռուսական թատրոնի «Գարդենիա» ներկայացումը Տաշքենդից վերադարձել է մրցանակով
Դեկտեմբերի 7-ին ամփոփվել են ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 4-րդ ֆորումի արդյունքները։ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի «Գարդենիա» ներկայացումը (բեմադրիչ՝ Գոռ Մարգարյան) ժյուրիի անդամների որոշմամբ զբաղեցրել է 3-րդ տեղն ու արժանացել մրցանակի։
Մրցութային ժյուրիի կազմում էին արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր Մուխաբատ Տուլյախոջաևան (Ուզբեկստան), ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Յասուլովիչը, ՌԴ ժողովրդական արտիստ Ելենա Յակովլևան, կինոյի և թատրոնի դերասան, ռեժիսոր և սցենարիստ Ալեքսանդր Ֆեկլիստովը, ՌԴ վաստակավոր արտիստ Իգոր Զոլոտովիցկին, արվեստագիտության թեկնածու, թատերագետ, թատերաքննադատ Մարիա Խալիզևան։
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի թատերական գործիչների միության միջնորդությամբ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 7-ը Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Տաշքենդում (Ուզբեկստան) մասնակցել է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 4-րդ ֆորումին, որի կազմակերպիչն է Թատերական միությունների միջազգային համադաշնությունը: Ֆորումի աշխատանքներին աջակցել է ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:
Դեռևս անցած տարի ֆորումի մասնագիտական հանձնախումբը հաստատել էր Հայաստանի թատերական գործիչների միության կողմից առաջադրված հայաստանյան թատերախմբի՝ Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի մասնակցությունը։
Դեկտեմբերի 4-ին «Իլխոմ» թատրոնի բեմում ռուսական դրամատիկական թատրոնը Գոռ Մարգարյանի ռեժիսուրայով ցուցադրել է Է․ Հովանեցի «Գարդենիա» դրաման։ Ներկայացման դերակատարներն էին Ելենա Վարդանյանը, Տաթևիկ Մելքոնյանը, Հայարփի Զուռնաչյանը և Աննա Մանուչարյանը (նկարչական ձևավորումն ու զգեստները՝ Նելլի Բարսեղյանի, երաժշտական ձևավորումը` Գոռ Մարգարյանի):
ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային ֆորումը առաջին անգամ անցկացվել է 2012 թվականին Քիշնևում (Մոլդովա), երկրորդ անգամ` 2015 թվականին Մինսկում (Բելառուս), երրորդ անգամ՝ 2018 թվականին Հայաստանում (Երևան): Ֆորումի նպատակը ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների (բեմադրիչներ, բեմանկարիչներ, դրամատուրգներ և թատերական քննադատներ) միջև ստեղծագործական շփումների զարգացումն ու ամրապնդումն է, ինչը համընդհանուր երիտասարդական թատերական հարթակ ստեղծելու և սերտ համագործակցության համար խթան է: