Փաշինյան. Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերի կորստի բազմաթիվ հանգամանքներ պետական գաղտնիք են
Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերի կորստի բազմաթիվ հանգամանքներ պետական գաղտնիք են, եւ այսօր անհրաժեշտ է զերծ մնալ ցանկացած հրապարակումից։ Այս մասին դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովի նիստին կառավարության ժամին, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով` Հայաստանում արդեն քրեական գործ է հարուցվել Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերի` Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցման, ինչպես նաեւ հակառակորդի կողմից հայ զինծառայողների գերեվարման դեպքի առթիվ։ Այդուհանդերձ, ինչպես նշեց վարչապետը, այս քրեական գործով ներգրավված առանցքային անձանցից մեկին այդպես էլ չհաջողվեց ձերբակալել:
«Այնուամենայնիվ, կան հարցեր: Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ ընդդիմությունը, ունենալով որոշակի գաղափարներ եւ շահեր, առաջարկներ է ձեւակերպում, որոնց պատասխանները կարող են տարբեր տեսակի շահարկումների տեղիք տալ։ Շատ մանրամասներ պետական գաղտնիք են պարունակում»,- ընդգծեց Փաշինյանը։
Միաժամանակ նա հերքեց այն մեղադրանքները, ըստ որոնց իշխանություններն ի սկզբանե են որոշել հանձնել վերոնշյալ գյուղերը։
«Եթե ամեն ինչ հենց այդպես լիներ, ապա հայ զինվորականներն այնտեղ չէին լինի»,- ասաց քաղաքական գործիչը։