Հույս ունեմ՝ հաջորդ անգամ կհանդիպենք դեմ առ դեմ. Բայդենը՝ Պուտինին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռավար զրույցի ընթացքում հույս է հայտնել, որ հաջորդ անգամ դեմ առ դեմ հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին են վկայում Բայդենի և Պուտինի՝ տեսակամուրջի ձևաչափով ընթացող բանակցությունների սկզբնամասի տեսակադրերը:
«Ողջունում եմ Ձեզ, պարոն նախագահ», - դիմելով իր ամերիկացի գործընկերոջը՝ ասել է Վլադիմիր Պուտինը: Ի պատասխան Ջո Բայդենն ասել է. «Բարի օր: Ուրախ եմ Ձեզ նորից տեսնելու»:
Միմյանց ողջունելուց հետո առաջնորդները սկսել են զրույցը: Առաջինը խոսել է Բայդենը:
«Ցավոք, միմյանց չտեսանք «Մեծ քսանյակի» հանդիպման ժամանակ, բայց հույս ունեմ, որ հաջորդ անգամ կհանդիպենք դեմ առ դեմ», - ասել է ԱՄՆ նախագահը: Վլադիմիր Պուտինը հավանությամբ է պատասխանել Ջո Բայդենի առաջարկին: Դրանից հետո բանակցությունները շարունակվել են փակ ռեժիմով՝ ինչպես հայտարարվել էր նախապես:
Ռուսաստանի նախագահը կապի է դուրս եկել ԱՄՆ նախագահի հետ Սոչիի Բոչարով Ռուչեյ նստավայրից:
Կրեմլը և Սպիտակ տունը նախապես տեղեկացրել էին, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները դեկտեմբերի 7-ին հեռավար բանակցություններ են անցկացնելու պաշտպանված տեսակապի միջոցով: Այսօրվա տեսակամուրջը Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հինգերորդ շփումն է՝ Ջո Բայդենի՝ ԱՄՆ նախագահ դառնալուց հետո: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Պուտինի և Բայդենի շփումը կարող է բավական երկար տևել: Ըստ նրա՝ խոսակցությունը կտևի այնքան, որքան պետք է. նմանատիպ բանակցությունները հստակ «թայմինգ» չեն ունենում: