ՔՊ-ի ձայների նվազումը գնաճի, սոցիալական վիճակի վատացման, խոստացված անվտանգության բացակայության հետեւանքն է․ քաղտեխնոլոգ
ՏԻՄ ընտրությունների արդյունքները խոսում են այն մասին, որ իշխող կուսակցությունն օր օրի կորցնում է վարկանիշը։ Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում Հայաստանի 36 համայնքից միայն 15-ում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարողացել ձայների բացարձակ մեծամասնությունը ստանալ, իսկ մնացած համայնքներում պետք է դեռ կոալիցիաներ ձեւավորվեն։
«Դա դեռ չի նշանակում, որ ընդդիմությունը վարկանիշ է հավաքում, որովհետեւ եթե տեսնում ենք՝ ովքեր են հաղթում, հասկանում ենք, որ ՏԻՄ ընտրություններն, այնուամենայնիվ, ունեն իրենց տրամաբանությունը։ Որքան էլ ուզենան քաղաքականացնել, դա չի ստացվում, գոնե Հայաստանի առկա պայմաններում՝ հեղինակություն ունեցող անձինք, մարդիկ, որոնք տարիներ շարունակ իրենց լոկալ հատվածներում ինչ-որ ազդեցություն են ունեցել, 15 տարի առաջ մի կուսակցության թեկնածու է եղել, 5 տարի առաջ՝ մեկ այլ կուսակցության, հիմա՝ իշխող կամ այլ կուսակցության»,- նշեց քաղտեխնոլոգը։
ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ մի շարք համայնքներում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած քվեները հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում ստացած ձայների համեմատ կրկնակի կամ ավելի մեծ չափով են նվազել։
«ՏԻՄ ընտրություններում, սովորաբար, մասնակցությունն ավելի քիչ է համապետականի համեմատ, բայց ոչ այս աստիճանի։ Տեղեր կան՝ մեծ քաղաքաներում՝ Վանաձորում, Գյումրիում՝ հոկտեմբերին, եռակի կամ քառակի քիչ մասնակցություն է եղել։ Եթե նայում ենք ՔՊ-ի ստացած բացարձակ ձայները հունիսի 20-ին եւ հիմա, կրկնակի, եռակի քիչ է համեմատության մեջ։ Արմավիրում, օրինակ, հայտարարում են, որ 94% ձայն են ստացել, բայց դա տոկոսով է այդպես, իրականում, 5 անգամ քիչ ձայն են ստացել»,- նկատեց Քոչարյանը։
Իշխող կուսակցության քվեների թվի նման նվազումը, քաղտեխնոլոգի կարծիքով, խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո տեղի ունեցած մի շարք բացասական զարգացումներով է պայմանավորված։
«Սա չկատարված խոստումներով, գնաճով, սոցիալական իրավիճակով եւ մի շարք այլ հանգամանքներով է սա պայմանավորված։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՔՊ-ն հարատեւ խաղաղության դարաշրջան էր խոստանում, բայց անցել է արդեն մոտ 6 ամիս, եւ որեւէ խաղաղություն չկա՝ զինվորներ են զոհվում, մարդիկ են գերեվարվում, գալիս եւ մտնում են ՀՀ տարածք։ Հունիսի 20-ին գնաճն այսպիսին չէր՝ այն ժամանակ դեռ ջուրը չէր թանկացել, դեռ չէր հայտարարվել, որ հոսանքն էլ է թանկանալու, բենզինն այսքան չէր թանկացել, բազմաթիվ նման գործոններ կան, որոնք, այո, ընդամենը 6 ամսում ազդեցություն են ունեցել»,- եզրափակեց Քոչարյանը։