Պահանջելու ենք արդարացում, այստեղ որևէ հանցակազմ չկա. պատմության ուսուցչի շահերը դատարանում կպաշտպանի Ռուբեն Մելիքյանը
Երևան քաղաքի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի շահերը դատարանում կպաշտպանի իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը: NEWS.am-ի հետ զրույցում իրավապաշտպանը ասել է, որ մեղադրանքը իշխող ուժի ընտրած միջոցն է հանրության բացասական վերաբերմունքը ինչ-որ կերպ կառավարելու համար:
«Սա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրած միջոցն էր իրենց նկատմամբ եղած խիստ բացասական վերաբերմունքը ինչ-որ կերպ կառավարելու, զսպելու համար։ Այդ միջոցն իմ պատկերացմամբ արդյունավետ չէ, էլ չեմ ասում, որ այս հանցագործության ձևակերպումը հակաիրավական է։ Արդյունավետ չէ, քանի որ արհեստականորեն չի կարելի մարդկանց բերանները փակել․ մենք 21-րդ դարում ենք, բազմաթիվ եղանակներ կան արտահայտվելու, այդ թվում նաև որոշակի պայմանական ձևակերպումներ օգտագործելով, որ բոլորը հասկանում են՝ ինչի մասին է խոսքը։ Վստահ եմ, որ արդեն իսկ այս քրեական գործը հակառակ էֆեկտ է ունեցել և շատ ավելի մեծ թափով է այն երևալու։ Ակնհայտ է, որ իշխող քաղաքական ուժը ոչ միայն տապալել է իր նախկին գործունեությունը, այլև ամեն օր է տապալումներ դրսևորում և դա ոչ միայն ազգային հարցերում է երևում, այլև շոշափելի, տնտեսական բովանդակություն է ստանում, իսկ մենք գիտենք, որ մարդիկ շատ ավելի հաճախ ընդվզում են սոցիալական պատճառներով, ոչ թե ավելի վեհ նպատակների համար։ Ամեն դեպքում այս ընտրված միջոցը որևէ արդյունավետություն ունենալ չի կարող։ Առավելագույնը կարող է կարճ ժամանակով շատ կոնկրետ մարդկանց որոշակիորեն սահմանափակել, բայց դա երկարաժամկետ կտրվածքով որպես գործիք արդյունավետ լինել չի կարող»,- ասաց նա։
Մելիքյանի խոսքով` պատմության ուսուցչի դեպքում քրեաիրավական որակումը և առհասարակ այն, թե ինչպես է մեկնաբանվել օրենքը իրավապահ մարմինների կողմից, չի կարող այլ զգացողություն առաջացնել, քան բացարձակ իրավունքի հետ կապ չունենալու զգացողություն։
«Մի փոքր օրինակ․ ըստ քննչական մարմինների՝ պատմության ուսուցիչը կամ առհասարակ ուսուցիչը հանդիսանում է պաշտոնատար անձ։ Անգամ ոչ իրավաբաններին է ակնհայտ, որ դա այսպես չէ։ Պաշտոնատար անձինք այսօր անպատիժ հանցագործություններ են շատ հաճախ կատարում, ընդ որում՝ այնպիսի մասշտաբների, որ ազդում են բոլորիս վրա, և նրանք որևէ պատասխանատվության չեն ենթարկվում, իսկ ուսուցչին վերագրվում է պաշտոնատար անձ լինելու հանգամանքը։ Սա պարզապես զավեշտ է»,- ասաց իրավապաշտպանը։
Նշենք, որ այս պահին պատմության ուսուցիչը չի աշխատում, այս պահի դրությամբ աշխատանքի վերականգնման պահանջ չկա, ուսուցիչն ու իրավապաշտպանը արդարացում են պահանջելու:
«Պահանջելու ենք արդարացում, այստեղ որևէ հանցակազմ չկա, ավելին՝ կան հարցեր նրա հետ կապված, թե առհասարակ ինչպես կատարվեց այդ ձայնագրությունը, ով է դա նախաձեռնել և ինչու է այդ ձայնագրությունը կատարվել»,- հավելեց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան քաղաքի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Հակոբ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ 7-րդ դասարանի պատմության դասաժամին Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի նկատմամբ բռնություն կոչեր հնչեցնելու համար։ Քրեական գործն արդեն
Ըստ մեղադրանքի՝ Հակոբ Գրիգորյանը, աշխատելով Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում որպես պատմության ուսուցիչ, համաձայն չլինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ և քաղաքական այլ հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված՝ 2021 թվականի մայիսի 21-ին՝ 7-րդ դասարանի պատմության դասաժամին հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել։ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226․2 հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով։ Հակոբ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին։