Կամո Հովհաննիսյանը հնարավոր է՝ կարիերան շարունակի Լա լիգայում
«Կայրաթի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը, Armsport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Vesti.kz-ն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի քանի թիմեր։
Հովհաննիսյանի պայմանագիրը ղազախական ակումբի հետ ավարտվում է այս տարի, ըստ աղբյուրի՝ «Կայրաթի» ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել ֆուտբոլիստին նոր պայմանագիր առաջարկել։ Սակայն ինքը՝ ֆուտբոլիստը, չի շտապում որոշում կայացնել, քանի որ իսպանական Լա լիգայի ակումբներից մեկը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում նրա նկատմամբ։ Բացի դրանից, կա նաև կարիերան Հունաստանում շարունակելու տարբերակ։
Հովհաննիսյանի համար առաջնայինը Եվրոպա տեղափոխվելն է, քանի որ Ղազախստանում նա արդեն նվաճել է գլխավոր տիտղոսները՝ երկրի չեմպիոնությունն ու գավաթը։
Ղազախստանի վերջին առաջնությունում Հայաստանի հավաքականի խաղացողը անցկացրել է 25 հանդիպում, խփել չորս գնդակ և նույնքան գոլային փոխանցում կատարել։ Նա նաև չորս հանդիպման և մեկ գոլի հեղինակ է դարձել Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։
Transfermarkt պորտալը Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 900 հազար եվրո։